19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արտահանման աճը փոխել է կառուցվածքը

Հայաստանի տնտեսությունը տարեսկզբի հինգ ամիսներին արտահանման բարձր ակտիվություն է արձանագրել։ Նախորդ տարվա համեմատ արտաքին շուկաներ առաքումն ավելացել է 110 մլն դոլարով կամ ավելի քան 20 տոկոսով։ Սա չափազանց կարեւոր ձեռքբերում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արտաքին հիմնական շուկաներում դեռեւս անցած տարվանից ի հայտ եկած խնդիրները մեծամասամբ պահպանվել, առանձին դեպքերում նույնիսկ խորացել են։ Դա նկատելի է հատկապես հումքային շուկաներում, որտեղ այս տարի գները անհամեմատ ավելի ցածր են։

Պատահական չէ, որ թեեւ արտահանման մեջ շարունակում են գերակշռել հանքահումքային ապրանքները, այնուհանդերձ աճը ամենեւին էլ չի պայմանավորվել դրանով։  Ընդհակառակը՝ տնտեսության այդ ճյուղի արտադրանքի արտահանումը նույնիսկ նվազել է։ Անցած տարվա շուրջ 193 միլիոնի դիմաց այն կազմել է 183 մլն դոլար։

Փոխարենը արտահանման բավական կտրուկ դրսեւորումներ են գրանցվել տնտեսության մի շարք այլ ոլորտներում։ Մասնավորապես 2,2 անգամով ավելացել է մանածագործական ապրանքների առաքումը։ 2015թ. 16,6 միլիոնից այն հասել է 36,2 մլն դոլարի։ Արտաքին շուկաներում հայկական սարքերի եւ սարքավորումների ներկայացվածությունն այս տարի աճել է 2,8 անգամ՝ տարեսկզբի հինգ ամիսներին հասնելով գրեթե 10 մլն դոլարի։

Բուսական ծագման արտադրանքի ծավալները արտաքին շուկաներում ավելացել են գրեթե 76 տոկոսով։ Դրանք ընդհուպ մոտեցել են 30 մլն դոլարի։

Տնտեսության արտահանելի հատվածում բավական լուրջ աճ է գրանցվել նաեւ պատրաստի սննդամթերի առաքման ոլորտում։ Արտահանման կառուցվածքում այն հանդիսանում է երկրորդ կարեւոր ապրանքախումբը, որի բաժինը մոտենում է 22 տոկոսին։

Տարեսկզբի հինգ ամիսներին Հայաստանից դուրս է տարվել շուրջ 143 մլն դոլարի պարտաստի սնունդ, ինչը գրեթե 43 միլիոնով կամ ավելի քան 38 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ավելացումը, որն ուղղակիորեն կապված է տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ, անշուշտ կարեւոր հանգամանք է։ Դա վկայում է այն մասին, որ արտաքին որոշ շուկաներում, որտեղ հայկական ապրանքները իրացման խնդիրներ ունեին, աստիճանաբար հաղթահարվում են։ Պատահական չէ, որ այս տարվա սկզբին կտրուկ աճել է առաքումը ռուսական շուկայում։ Հինգ ամսվա տվյալներով, այն կրկնապատկվել է։

Այս ամենով հանդերձ, վերջին շրջանում դարձյալ որոշակի ռիսկեր են առաջացել արտահանման ոլորտում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Վերին Լարսի անցակետի փակման հետեւանքով ի հայտ եկած դժվարություններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի առեւտրաշրջանառությունն իրականացվում է հիմնականում այս ճանապարհով, առաջիկայում դա ուզած, թե չուզած կարտահայտվի նաեւ արտահանման վրա։ Թեեւ փորձ է արվում  հայկական ապրանքները արտաքին շուկաներ հասցնել լաստանավ, այնուհանդերձ պարզ է, որ դա չի կարող լիարժեք փոխարինել Վերին Լարսով անցնող ցամաքային ճանապարհին։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ