Հիմա ամբողջ օրը պիտի հայտարարե՞նք, թե ինչ ենք անում. Լոքյանը՝ վարչապետին
Կառավարության այսօրվա նիստի ժաման որոշում կայացվեց աջակցել Արթիկ համայնքում հեղեղումների հետևանքով վնասվներ կրած բնակիչներին:
Անձրևների վարարումների հետևանքով բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար Կառավարությունը Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ: 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ ահա 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նախագիծը զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ այսօր արդեն Արթիկ քաղաքում բնականոն գործունեությունը հիմնականում վերականգնվել է.«Բացված հեղեղատարը վերականգնվել է: Ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածի, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունեն էլեկտրականություն: Պրոցեսը այսօր շարունակվում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են: Իմ փոխնախարարը լինելու է այնտեղ` մինչև աշխատանքները ավարտվեն»,- զեկուցեց Լոքյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ հսկայական աշխատանք է կատարվում, սակայն այն չի ներկայացվում, ինչն էլ շահարկումների առիթ է հանդիսացել:
«Պարոն վարչապետ, դեպքի առաջին օրը ես եմ այնտեղ եղել, հաջորդ օրը` Դուք: Աշխատանքներն ամեն օր կատարվել են, հիմա ամբողջ օրը մենք պիտի հայտարարենք` ի՞նչ ենք անում»,- արձագանքեց Լոքյանը: