Պարզվել է Ստամբուլում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների ինքնությունը
Պարզվել է հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում ահաբեկչական գործողություններ իրականացրած մահապարտների ինքնությունը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջիններս Տաջիկստանի քաղաքացիներ են:
Օդանավակայանի տեսախցիկների և ականատեսների վկայությունների հիման վրա հաջողվել է ստանալ դեպքի հնարավորինս ամբողջական պատկերը: Երեք ահաբեկիչները օդանավակայան են եկել տաքսիով և անմիջապես բարձրացել վերևի հարկ՝ ուղևորների ժամանման սրահ: Ոստիկաններից մեկը կասկածանքով փորձել է ստուգել նրանց անձնագրերը: Այդ պահին ահաբեկիչներից մեկը, վախենալով, որ իրենց բացահայտել են, կրակել է ոստիկանի վրա:
Այնուհետև օդանավակայանի անվտանգությունն ապահովող ոստիկանների և ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է սկսվել, որի ընթացքում ահաբեկիչները այսուայն կողմ են փախչել: Նրանցից մեկը վիրավորվել է ու վայր ընկել: Բայց նրան հաջողվել է գործի դնել իր վրա տեղադրված պայթուցիկ սարքը: Մյուս երկուսը գրեթե միաժամանակ իրենք իրենց պայթեցրել են ժամանող ուղևորների ելքի դռան մերձակայքում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան 22:00-ի սակմաններում Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած 3 հաջորդական պայթյունները 42 քաղաքացու մահվան և շուրջ 240 քաղաքացու վիրավորվման պատճառ են դարձել: Զոհվածների և վիրավորների մեջ կան ավելի քան երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան: