Գնդապետի կինը կդիմի Սերժ Սարգսյանին. Հրապարակ
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը շարունակվում է: «Այս պահին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում Խաչիկ Կոսյանի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց սույն գործով մեղադրվող արդարադատության լեյտենանտ Խ. Կոսյանի փաստաբանը`
Վաչագան Քոսյանը: Նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ այցելում է իր պաշտպանյալին, որը, փաստաբանի հավաստմամբ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ վստահ է, որ կարճ ժամանակում ճշմարտությունը կբացահայտվի, ու իրեն ազատ կարձակեն:
Ինչ վերաբերում է նախաքննության շրջանակներում նշանակված դատաքիմիական, դատամանրաթելային, դատամիկրոմասնիկւսյին փորձաքննության արդյունքներին, ապա դրանց արդյունքները դեռեւս հայտնի չեն, որոնք կապացուցեն` արդյոք սպանվածի եւ Կոսյանի միջեւ շփում եղել է, թե ոչ: «Նման փորձաքննությունները սովորաբար երկար են տեւում, մինչեւ 2 ամիս կարող են ձգվել: Համալիր փորձաքննություն է նշանակված, եւ եթե դրանցից մեկի արդյունքները հայտնի չեն լինում, եզրակացությունը չի տրվում»,֊նշեց փաստաբանը:
Օրերս մի խումբ մտավորականներ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակում դատապարտել էին սպանությունը եւ խնդրել անաչառ քննություն անել եւ արդարացի պատիժ սահմանել: Նա նշեց, թե ընդունելի է, որ մտավորականությունը նման քայլ է կատարում, դատապարտում է տեղի ունեցածը:
«Մենք էլ ենք դատապարտում, սակայն մենք այստեղ օբյեկտիվ ճշմարտության խնդիր ունենք կոնկրետ Խաչիկ Կոսյանի մասով: Նա ասում է, որ ընդհանրապես դեպքին մասնակից չեմ եղել, չեմ մոտեցել այդ մարդուն, կոնտակտ չեմ ունեցել»,-ասում է փաստաբանը: Ինչ վերաբերում է տուժող կողմի պնդումներին, թե հենց Խաչիկն է գետնին գցել Ե. Խաչատրյանին, ապա այս մասին փաստաբանն ասաց. «Չէ, դա, ես համոզված եմ, որ կպարզվի, այդպես չի մնա: Առաջին փուլում միշտ էլ հույզերը գերակշռում են»:
Մենք զրուցեցինք նաեւ Խաչիկի հոր Հակոբ Կոսյանի հետ, որն առողջական խնդիրներ ունի: Նա կրկին պնդեց, որ իր որդին մասնակցություն չի ունեցել տեղի ունեցածին, եւ, ինչպես մեր նախորդ զրույցի ժամանակ, այժմ էլ համոզված է, որ արդարությունը կհաղթի: «Գործն այժմ քննում է ՀՔԾ-ն, ես համոզված եմ, որ արդար քննություն կիրականացվի, եւ ճշմարտությունը կբացահայտվի»,-ասաց նա:
Ի դեպ, նա տեղյակ էր մտավորականների նամակից եւ նշեց, որ մոտ ժամանակներս իր կինը պատրաստվում է անձամբ հանդիպել գլխավոր դատախազին, ինչպես նաեւ ՀՀ նախագահին
` հայցելով արդար դատաքննություն իրականացնել: Հ. Կոսյանը մեր նախորդ զրույցում ասել էր, թե իր ցավակցությունն է հայտնել Փ. Մեյթիխանյանին` ամուսնու մահվան կապակցությամբ:
Վերջինս էլ իր հերթին ասել էր, թե նման բան տեղի չի ունեցել` «այդ մարդն այդքան համարձակություն չուներ», որ իրեն զանգեր ու որեւէ բան ասեր: Հ. Կոսյանը պարզաբանեց, թե ինքը ոչ թե անձամբ է զանգահարել Մեյթիխանյանին, այլ իր ցավակցությունը փաստաբանի միջոցով է հայտնել: Կոսյանը հավաստիացրեց նաեւ, որ երբ լրանա Ե. Խաչատրյանի քառասունքը, պատրաստվում է այցելել նրա ընտանիքին եւ իր ցավակցությունն անձամբ հայտնել:
Նշենք, որ սույն գործով, Խ. Կոսյանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաեւ Արարատ Ն.-ին եւ Արտաշես Չ.- ին: Նրանք նույնպես կալանավորված են եւ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (Սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` խուլիգանական դրդումներով): Հունիսի 17-ին ձերբակալվել է նաեւ Յուրի Հ.-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: