15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումն ու խթանումը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը եւ կարեւորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցու¬թյունների մեկնարկը, իսկ մայիսի 12-ին Երեւանում կայացել է բանակցությունների երրորդ փուլը, մի քանի օր առաջ Բրյուսելում անցել է հերթական չորրորդ հանդիպումը վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ երկու կողմերին կհաջողվի տեսանելի ապագայում հաջող ավարտին հասցնել այդ կարեւոր գործընթացը: Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնա¬ծավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագի իրականացումը եւ հույս հայտնել որ այն կհանգեցնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետեւողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, որին ներկա է եղել նաեւ Պյոտր Սվիտալսկին, Հովիկ Աբրահամյանը  նշել է, որ դրա ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձեւավորման հարցից եւ դրա վերաբերյալ միջազգային փորձից՝ մինչեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները, օտարումների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող աճուրդների գործընթացները եւ այլն: Վարչապետն ընդգծել է, որ քննարկված հարցերի եւ առաջարկված լուծումների վերաբերյալ իրավասու մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր եւ դեսպանների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար եւ բարձր գնահատել ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են դրական ընթացքի մեջ եւ ընդգծել, որ տպավորված է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ուղղությամբ տարվող բանակցությունների արդյունքներով եւ վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը նոր լիցք կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Պարոն Սվիտալսկին կարեւորել է մեր երկրի եւ եվրոպական պետությունների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը, նորանոր ներդրումների ներգրավումը: Այդ տեսանկյունից, նա բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի, դատական իշխանության անկախության ամրապնդման ուղղությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր օժանդակությունն այս ուղղությամբ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ արդեն իսկ ԵՄ դեսպաններին է ներկայացրել վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստից իր դրական տպավորությունները եւ ավելացրել, որ քաջալերող ու հուսադրող է համարում կառավարության, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը խորհրդի շրջանակում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններին, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը եւ այլ հարցերի:

Վարչապետը նշել  է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը: Ըստ նրա՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը, եկամուտների ավելացումը՝ բիզնեսի համար ապահովելով կայունություն ու կանխատեսելիություն: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման համար օրակարգային է նաեւ ՀՀ-ում մրցակցային պայմանների բարելավման եւ ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման հիմնահարցը, որի ապահովումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման տեսանկյունից: Վարչապետը կարեւորել է նաեւ պետական գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ գնումների առավել թափանցիկության ապահովումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում գործընթացի տարբեր փուլերում թափանցիկության հետագա բարելավման ուղղությամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, շահագրգռված է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հաստատմամբ եւ պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ երկխոսության ձեւավորմանը: Խոսելով ընտրական գործընթացի մասին՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կայացել է քաղաքական կոնսենսուս: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են ընտրությունների գործընթացի լավագույնս կազմակերպման եւ անցկացման գործում եւ ակնկալում են ԵՄ-ի աջակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեխնոլոգիական լուծումների կիրառման հարցում, որոնք կնպաստեն ինչպես գործընթացի համապատասխան կազմակերպմանը, այդպես էլ դրա նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ