Սպիտակ տունը մտադիր է կտրուկ կրճատել ՀՀ-ին տրամադրվող օգնությունը
Սպիտակ տունը հրապարակել է 2014 թվականի բյուջեի նախագիծը, որում Հայաստանին տրվող տնտեսական օգնությունը առաջարկվում է կրճատել 38 տոկոսով: Եթե այդ առաջարկը հաստատվի Կոնգրեսում, ապա Հայաստանին տրվող օգնությունը ռեկորդային կերպով կկրճատվի` դառնալով ամենափոքրը 1988 թվականի երկրաշարժից ի վեր, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:
Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանի տնտեսական աջակցությանն այժմ առաջարկում է հատկացնել մոտ 25 միլիոն` 24 միլիոն 719 հազար դոլար, ինչը անհամեմատ քիչ է նախորդ տարի հաստատված 40 միլիոն դոլարից եւ ավելի քան երկու անգամ պակաս է հայկական կազմակերպությունների ու հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի խնդրած 50 միլիոնից:
Սպիտակ տան առաջարկը, այնուհանդերձ, պահպանում է հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակության հարցում` 600 հազար դոլար հատկացնելով ռազմական կրթության ծրագրերին եւ 2.7 միլիոն դոլար` որպես օտարերկրյա ռազմական օգնություն:
2014 թվականին Հայաստանի համար առաջարկվող ընդհանուր օգնությունը, որ ներառում է աջակցություն տնտեսական, ռազմական, իրավական եւ առողջապահական ոլորտներին, 14 տոկոսով պակաս է այն գումարից, որը Օբաման առաջարկել էր հատկացնել 2013 թվականին:
Սպիտակ տան ներկայացրած 2014 թվականի բյուջեի նախագծով Հարավային Կովկասում ամենաքիչ օգնությունը ենթադրվում է Ադրբեջանին հատկացնել` 11 միլիոն դոլար, իսկ Վրաստանի համար առաջարկվող ֆինանսական օգնությունը գերազանցում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող օգնության չափը միասին վերցրած` կազմելով 43 միլիոն դոլար: