Կրծողի հոգեբանությամբ պաշտոնյաների, հաբռգած մեծահարուստների, նրանց անմակարդակ լակոտների մասին
Թեման, որին հաճախակի ցանկություն է եղել անդրադառնալ, մշտապես հետաձգել եմ, սակայն այժմ չեմ կարող այդ մասին չբարձրաձայնել…Խոսքը վերաբերում է առնետի` կրծողի հոգեբանությամբ պաշտոնյաներին, հաբռգած մեծահարուստներին, արագ հարստացող որոշակի անմակարդակ, գռեհիկ տականքներին, նրանց լակոտներին, հարազատներին, բարեկամներին, ծանոթներին…
Քավ լիցի, մեր հասարակությանը, մեր պետությանը պետք են գործարարներ, հարուստներ, հատկապես մեծաքանակ միջին խավ: Եվ իրոք, կան կիրթ, ազնիվ, համեստ, գրագետ, երիտասարդ գործարարներ, սակայն ցավոք դրանք քիչ են: Մինչդեռ հենց դրանք եւ միջին խավն են մեր տնտեսության զարգացման հույսը եվ ապագան,մեր հասարակության աղն ու հացը :
Չարիքը խորհրդային պետության փլուզման հետեւանքով, 90-ականների սկզբին հանցավոր, կասկածելի, անսպասելի, զարմանալի, խաբեբայությամբ կամ այլ ճանապարհներով հարստացած տականքներն են, հետագայում նաեւ պետական պաշտոններ ստացած եւ դրա արդյունքում եւս հարստացած մեկ այլ խումբ, որոնք կոպեկներով սեփականաշնորհել եւ թալանել էին երկիրը…Հետագայում նույնի շարունակությունը, նույնի կրկնությունը…
Սա լուրջ խնդիր է եւ այս մարդկանց դեմ պայքարը բնականաբար նույնպես շատ լուրջ եւ խելացի, մտածված մոտեցում է պահանջում, քանի որ նրանք տիրապետում են զգալի ֆինանսական միջոցների: Սակայն, ՀՀ Նախագահն այս ուղղությամբ հսկայական ու բարդ խնդիրներ ունի…Եվ այդ պայքարում նա պետք է միայնակ չմնա, այս լուրջ պրոբլեմները պետք է դառնան ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ ողջ հասարակության` քաղաքական-հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների, յուրաքանչյուր քաղաքացու առաջնահերթ խնդիրը:
Երկրում աստիճանաբար պետք է ձեւավորել այնպիսի մթնոլորտ, որը կբացառի նման իրավիճակը, նման մեծահարուստների ու պաշտոնյաների գոյությունը եւ անհրաժեշտ, բարերար պայմաններ կստեղծի միջին խավի արագ եւ շուտափույթ ձեւավորման համար:
Պրոբլեմները, խնդիրները շատ են, խորքային, նույնիսկ համակարգային, դժվար, բայց լուծելի…Իրոք շատ դժվար, բայց լուծելի, միայն կամքի ուժ է պետք եւ տքնաջան, հետեւողական աշխատանք: Ներկայացրեցինք Երեւանի պաշտոնաթող փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան հանրագրից: