Ոնց որ անձնական գրպանից պետք է գումար տաք. Ալեքսանդր Արզումանյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց` արժանապատվության խնդիր է, երբ ԱԺ-ն քվեարկում է մի օրենքի օգտին, որը գումար հայթայթելու պայմանով է գործելու:
«Դոնորները մեզ բազմիցս են ասել, որ պատրաստ են աջակցել: Շատ լավ, եթե պատրաստ են, մենք պատրաստ ենք դա անել, բայց մենք պատրաստ չենք գումարներ ծախսել դրա համար»,- արձագանքեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «Ոնց որ անձնական գրպանից պետք է գումար տաք, բայց բոլորիս գրպանների մասին է խոսքը: Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, կարելի է հետո այս ընտրական կայանները վաճառել: Անձնական բիզնեսի հարցերում լավ ակտիվ աշխատում եք, հիմա էլ ծառայողական մեքենաներ եք վաճառում, սրան էլ որպես բիզնես-առաջարկի վերաբերվեք, կայանները գնեք, հետո էլ կվաճառեք»:
Դավիթ Հարությունյանն իր հերթին պատասխանեց. «Կարծում եմ` բիզնես գիտելիքներում իմ և Ձեր գիտելիքներն իրարից չեն տարբերվում, այսինքն` զրոայական են, այդ պատճառով այս հարցը կթողնեմ անարձագանք»: