Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կօգնի հայկական գինու բրենդի կայացմանը
Կառավարությունը որոշել է ստեղծել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որը կհանդիսանա այս ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները կյանքի կոչող կառույց ու կհամախմբի այն բոլոր օղակների ջանքերը, որոնք ուղղված կլինեն այս ոլորտի զարգացմանը: Ենթադրվում է, որ Հիմնադրամի աշխատանքը հիմնականում ուղղված է լինելու խթանելու գինեգործական արտադրանքը արտահանելու աշխատանքներին, նպաստելու հայկական գինու բրենդի կայացմանը, բարձրացնելու հայկական գինու միջազգային ճանաչելիությունը, ինչպես նաև այս ոլորտը տարբեր բնույթի ռիսկերից ապահովագրելուն:
Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ինն ամսում ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 103,500.0 հազար դրամ Հիմնադրամի միջոցներին:
Henaran-ի հետ զրույցում, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ խաղողագործությունը և գինեգործությունը, թե′ առանձին-առանձին, թե′ որպես մեկ արտադրական շղթա, ունեն կարևոր նշանակություն մեր տնտեսության համար:
«Եթե խաղողագործությունը հանդիսանում է գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, ապահովելով տասնյակ հազարավոր ընտանիքների ապրուստի միջոցներով, այնպես էլ գինեգործությունը, որը վերամշակող արդյունաբերության խմիչքների արտադրության կարևորագույն ճյուղերից է, հանդիսանում է Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի աճի մեծ ներուժ:
Ցավոք սրտի, Հայաստանում գրանցված խաղողագործության և գինեգործության միություններն չեն կարողացել ապահովել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն, որի արդյունքում առաջացել են լուրջ խնդիրներ վերամշակման և իրացման հարցերում: Թեև, մասնավոր-պետություն համագործակցության շնորհիվ, խաղողագործության հիմնախնդիրները կարողացել են որոշակի լուծումներ ստանալ, սակայն եղանակային, կազմակերպչական, ֆինանսական և այլ բազմաթիվ խնդիրների պատճառով գյուղացին միշտ բարդությունների առաջ է կանգնել»,- ասաց Կ. Խաչատրյանը:
Նրա խոսքերով, գինեգործության ոլորտում բիզնեսը նույնպես ապահովագրված չի եղել տարբեր խնդիրներից, Խնդիրներ են եղել նաև՝ հայկական արտադրանքի որակի բարձրացումը, ապրանքի տեսականու ընդլայնումը, հայկական միասնական բրենդի ձևավորումը և ճանաչելիությունը և այս խնդիրների լուծման է ուղղված Հիմնադրամի աշխատանքը:
«Ակնկալվում է, որ խոշոր բիզնեսը նույնպես ակտիվ մասնակցություն կունենա հիմնադրամի միջոցների համալրմանը: Իսկ մենք հուսանք, որ Հիմնադրամի ղեկավարությունը կկատարի իր առջև դրված խնդիրները և ֆինանսական միջոցները արդյունավետ կօգտագործվեն»,- հավելեց տնտեսագետը: