Ինչ է տանելու Պապը Հայաստանից.168 ժամ
«Երեկ սկսվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցն իսկապես կարեւոր, աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, որը ոչ միայն առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կդարձնի համաշխարհային ուշադրության ու քննարկումների առարկա, այլեւ մեծ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերյալ ընկալումների վրա:
Առաջիկա օրերը գերհագեցած են լինելու Պապի մասնակցությամբ իրադարձություններով: Առաջիկա օրերին ուշադրությունը կենտրոնանալու է առավելապես ձեւի՝ արարողակարգերի, պատարագների, հանդիպումների մանրամասների վրա, որոնք, անշուշտ, նման դեպքերում ունեն չափազանց մեծ նշանակություն, սակայն, բնականաբար, չեն արտահայտում իրադարձության ողջ բովանդակությունը: Այն բովանդակությունը, որն ընդհանուր առմամբ ընկած է Կաթոլիկների աշխարհի հոգեւոր առաջնորդի կերպարի ու այն համամարդկային ուղերձների մեջ, որը նա քարոզում է ամբողջ աշխարհում: Սեր, մարդասիրություն, պարկեշտություն, ազնվություն, համեստություն…
Որակումների շարքը կարելի է երկար շարունակել: Բայց մեզ՝ Հռոմի պապին հյուրընկալող Հայաստանի ու հայաստանցիներիս համար կարեւոր է ոչ միայն՝ լսել նրա ուղերձները, այլեւ՝ գոնե այս օրերին փորձել հասկանալ՝ որքանո՞վ ենք մենք՝ որպես պետություն, որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի հետնորդներ, մեր մեջ կրում իրական քրիստոնեական արժեքները, որքանո՞վ ենք հավատարիմ սրբազան պատվիրաններին, որքանո՞վ ենք մարդասեր իրականում՝ բովանդակության, եւ ոչ թե՝ ձեւի մեջ: Սրանք անհատական, անձնային կատեգորիաներ են, բայց անխուսափելիորեն ունենում են նաեւ հանրային, պետական հետեւանքներ:
Որովհետեւ պետության, հասարակության ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնողների համապատասխան որակներն անխուսափելիորեն ազդում են հանրային կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Եվ այսօր՝ Հռոմի պապին հյուրընկալելիս, մենք ոչ միայն պետք է մեր հայացքն ուղղենք սրբազան հովվապետին՝ մտածելով, թե ինչ է նա «բերելու» Հայաստան, այլ նաեւ հասկանանք՝ ինչ է նա «տանելու» Հայաստանից:
«Գալիս եմ՝ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից… Որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում»,- Հայաստան կատարելիք այցից առաջ հղած ուղերձում ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: