Ազատազրկված գնդապետը 5 օր հացադուլի մեջ է
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը արդեն 5 օր է հացադուլի մեջ է:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՔԿՀ-ում ազատազրկված գնդապետին հանդիպել են ՀԱԿ պատգամավորներ Լևուն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը:
«ՀՀ դատախազը և Արդարադատության նախարարը դեռ չեն արձագանքել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելություն եղել է, բայց Վոլոդյան հանդիպում է պահանջել անձամբ Արման Թաթոյանի հետ»,-նշեց Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ հացադուլից առաջ Վոլոդյա Ավետիսյանը մի խումբ դատապարտյալների անունից բաց նամակ էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և Մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանին, ինչպես նաև պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ամիսներ առաջ 11 օր հացադուլ էր արել: Հացադուլի պատճառը ՔԿՀ անկախ հանձնաժողովի կողմից Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատման արձակման դիմումի մերժումն էր:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: