Կառավարությունը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը
Հայաստանի կառավարությունը հունիսի 23–ի նիստում հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը եւ 2016–2020 թթ. Գործողությունների ծրագրին։
Կառավարության որոշման համաձայն, ռազմավարության շրջանակներում միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկվելու է յուրաքանչյուր տարվա` ՀՀ պետական բյուջեի նախագծի եւ ՀՀ միջնաժամկետ ծախսերի 2018-2020 թվականների ծրագրի քննարկումների շրջանակներում.
Ռազմավարության խնդիրները ի թիվս այլոց ներառում են.
–վերարտադրողական առողջության ծառայությունները բնակչությանն առավել հասանելի ու մատչելի դարձնելու նպատակով՝ դրանց ինտեգրում առողջության առաջնային պահպանման մակարդակում,
–վերարտադրողական առողջության ոլորտում նոր ախտորոշիչ միջոցների, տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բուժման եւ կանխարգելման նորագույն մոտեցումների ներդրման անհրաժեշտություն,
–վերարտադրողական առողջության ոլորտում նախածննդյան, նորածնային եւ կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղի կանխարգելման սկրինինգային ծրագրերի ներդրման անհրաժեշտություն,
–նորածինների սեռերի անհամամասնությունը նվազեցման անհրաժեշտություն
Ռազմավարության ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բարելավել բնակչության վերարտադրողական/սեռական առողջությունը, նվազեցնել մոր եւ նորածնային հիվանդացությունն ու մահացությունը, ինչպես նաեւ սեռավարակները, հղիության արհեստական ընդհատումներն ու չարորակ նորագոյացությունները, իրականացնել միջոցառումներ` ուղղված վերարտադրողական պոտենցիալի պահպանմանն ու առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը:
Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում 15-49 տարեկան 793 800 կանայք, ինչպես նաեւ վերարտադրողական ոլորտի ծառայություններ մատուցող բժշկական անձնակազմը, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական ինստիտուտներ:
Ռազմավարությամբ նախատեսված է օգտագործել զանգվածային լրատվության հնարավոր բոլոր աղբյուրները `ուղղված աղջիկ երեխայի արժեւորմանը եւ սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը: