«Մանրունքների շուրջ է բազար գնալու»
«Վիեննայի հանդիպումից հետո մի բան հստակեցվեց. եռանախագահող կողմերը մի քիչ ավելի կոշտ են մոտենալու և փորձելու են ստիպել երկու կողմերին գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով», – անդրադառնալով Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Այս պրոցեսը շատ կարճ չի լինելու: Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ երկու կողմներն էլ համաձայնվել են, բայց ինչպես միշտ, սատանան մանրունքների մեջ է: Մանրունքների շուրջ է բազար գնալու, և այդտեղ սկսելու է ձգձգվել ամեն ինչ: Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ հինգ, ապա երկու տարածքները հանձնելու են, հետո Դավիթ Բաբայանը, ձեռ առնելով, հայտարարեց, թե մի բան էլ պակաս է հայտարարել՝ Ղարաբաղն էլ Ադրբեջանին պիտի միանա: Բայց այսուհանդերձ, եթե գնում են խաղաղ ճանապարհով, փոխզիջումներ միանշանակ լինելու են»,- նշեց քաղտեխնոլոգը:
Բանախեսն անդրադարձավ փոխզիջումների հնարավոր տարբերակներին:
«Թե ինչպե՞ս կլինի փոխզիջումը, ո՞նց կլինի կամ ե՞րբ կնշանակվի ռեֆերենդումը, քանի՞ տարի հետո կլինի, ի՞նչ ֆորմատով, սրանք արդեն, բնականաբար, հետագա բանակցությունների խնդիր են, որոնք առանց խոչընդոտների չեն լինի: Նույն եռանախագահներն ու համաշխարհային հանրությունն այստեղ շատ մեծ գործ ունեն անելու»,- ասաց քաղտեխնոլոգը: