«Քաղաքական մոտեցում է եղել»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաղրամյան պողոտայի անցած տարվա դեպքերից հետո բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՀՔԾ, իրավապահ այլ մարմիններ` պարզաբանելու հունիսի 23-ի միջադեպի մի շարք հանգամանքներ:
Իրավապահ մարմինները, սակայն, չեն ցանկացել որևէ կարգի ինֆորմացիա տրամադրել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, սակայն աստիճանաբար որոշակի տեղեկություններ տրամադրել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Քրեական գործում, սակայն, մինչ այժմ որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել: Այն լրագրողները, ովքեր այս ընթացքում հարցաքննվել են, ասում են, որ դա լրիվ ձևական գործընթաց է: Հունիսի 23-ի դեպքերի մասին խոսելիս մենք առավելապես անդրադառնում ենք ոստիկանության գործողություններին, սակայն ակնհայտ է, որ քաղաքական վերնախավն էր համապատասխան որոշում կայացրել և հրահանգել ոստիկանությանը:
Այստեղ քաղաքական մոտեցում է եղել: Իշխանություններն իրենք պետք է պատասխանատվություն զգան, երբ խաղաղ ցույց են ցրում, խոչընդոտում լրագրողների աշխատանքներին: Միայն ուզում եմ հիշեցնել, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում այնքան լրագրողներ տուժեցին, որքան չէին տուժել 2008 թվականի մարտի 1-ին»,- շեշտեց բանախոսը: