17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարագա վանքը վաճառվում է. Ազգ

Վանի 7 եկեղեցիներ գյուղում գտնվող Վարագա վանքը վերջին շաբաթների ընթացքում դարձել է Թուրքիայի հայ համայնքի ալեկոծումների պատճառ:

Գյուղը եւ, բնականաբար, Վարագա վանքը մյուս եկեղեցիների հետ պատկանում է Ալթայլների գերդաստանին եւ ժառանգաբար անցել է Ֆաթիհ Ալթայլին` Ստամբուլում գործող Haber turq լրատվական գործակալության տնօրենին: Վանի քաղաքապետարանը որոշել է վերանորոգել Վարագա վանքը, բայց արխիվները քրքրելով հանկարծակի հայտնաբերել է, որ այն օրինական տեր ունի: Քաղաքապետարանը, սակայն, Ֆաթիհ Ալթայլին չի տեղեկացրել վանքի վերանորոգման իր ծրագրի մասին, իրողություն, որ վերջինիս համար լուրջ անախորժությունների պատճառ է դարձել:

Թեմային անդրադառնում է “Ազգ”-ը:

Երբ “Թարաֆ”-ն առաջին անգամ լրատվություն հրապարակեց, թե հայոց եկեղեցիներն ու Վարագա վանքը պատկանում են Ֆաթիհ Ալթայլին, հենց հաջորդ օրը “Սոցիալիստ բանվորների հեղափոխական կուսակցության անդամները Ֆաթիհ Ալթայլի լրատվական գործակալության դիմաց մեծ ցույց կազմակերպեցին, որին մասնակցում էին նաեւ հայ ակտիվիստները: Ցուցարարները պահանջում էին հայկական եկեղեցիները վերադարձնել հայերին: Ալթայլը նաեւ էլեկտրոնային փոստով հայուրավոր նամակներ ստացավ, որոնցով նրանից պահանջում էին “նորից չարյունոտել հին վերքերը” եւ եկեղեցին հանձնել հայերին:

Բանից անտեղյակ Ֆաթիհ Ալթայլն անակնկալի է գալիս` իրեն հանցագործի դերում զգալով: Նա անմիջապես հայտարարություն է հրապարակում, որ պատրաստ է առանց որեւէ ակնկալիքի եւ մեծ սիրով եկեղեցիներնը հանձնել որեւէ մեկին, ով կամենում է տնօրինել դրանք: Եկեղեցիներն ու Վարագա վանքը կարող են դառնալ կամ Հայոց պատրիարքարանի, կամ մշակույթի նախարարության սեփականությունը: Այդուհանդերձ, Հայոց պատրիարքարանը, ըստ թուրքական օրենքի, իրավասու չէ դառնալու եկեղեցու սեփականատերը, եւ դա հնարավոր է միայն պետական հատուկ միջամտությամբ:

“Ակօս”-ի համաձայն, Վարագա վանքը անցած տարվա երկրաշարժից հետո մի փոքր նորոգվել է, բայց կարիք ունի հիմնանորոգման: Թերթը մտավախություն է հայտնում, որ Վարագա վանքը, մշակույթի նախարարության տնօրինությանը հանձնվելու դեպքում, կարող է արժանանալ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրին եւ թանգարանի վերածվել: Այդպիսի հավանականությունը կանխելու համար եկեղեցու վերանորոգման ծրագրին պետք է մասնակից դարձնել ե՛ւ գյուղի բնակչությանը, ե՛ւ Հայոց պատրիարքարանին, ե՛ւ հայ համայնքին ու մշակույթի նախարարությանը:

Թուրքիայում հայտնի հրատարակիչ Օսման Քյոքերը նույնպես շեշտում է, որ բոլորին պետք է ներգրավել խնդրի լուծմանը եւ “մի ժամանակ Վանի եւ շրջակայքի վրա լույս սփռող Վարագա վանքը կարող է վերագտնել իր արժանի հարգն ու փառքը”: Ըստ հայտնի հրատարակչի, վանքը հայերին վերադարձնելը ամենամեծ բարոյական փոխհատուցումը կլինի նրանց, եւ պետք է դա անել, քանի դեռ շենքը շարքից դուրս չի եկել: Ի դեպ, մշակույթի նախարարությունն արդեն վավերացրել է վանքի նորոգման համար անհրաժեշտ ֆինանսական բյուջեն:

 

Ֆաթիհ Ալթայլը, որ, երեւում է, առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում պապենական ունեցվածքի հանդեպ, “Ակօս”-ին տեղեկացրել է, որ Վարագա վանքը վերջին անգամ նորոգվել է 1960 թվականին իր հոր կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ