Կարևոր է անել ամեն ինչ՝ սահմանին կայունություն ապահովելու համար
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս հանդիպմանը, նշեց, որ այն Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը։
Քաղաքագետի խոսքով՝ նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն է, ինչի հիմքը դրվել էր Վիեննայում:
«Կարևոր է, որպեսզի արվի ամեն ինչ՝ սահմանին կայունությունն ու կանխատեսելիությունը ապահովելու համար, ինչն էլ հիմք կլինի բանակցությունները վերսկսելու համար»,- ասաց նա։
Բանախոսի կարծիքով՝ այսուհետև Ռուսաստանն ավելի շահագրգրված է լինելու, որպեսզի նոր պատերազմ չլինի:
«Այս պահին Ռուսաստանն էլ ունի որոշակի պատասխանատվություն շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում։ Ռուսաստանն արդեն մեծ ձեռքբերում է համարում այն, որ հենց ինքն է կանխել պատերազմը, իսկ Պետերբուրգի հանդիպմանը Մոսկվան ներկայացել էր ամենաբարձր մակարդակով: Ուստի, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է»,- ասաց նա: