Մինչ նոր պատերազմ. 168 Ժամ
Քի Ուեսթ, Ռամբույե, Փարիզ, Վաշինգտոն, Մոսկվա, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ… Թալիշ, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, Ստեփանակերտ… Առաջին խումբ քաղաքներում ու մայրաքաղաքներում պարբերաբար հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները` այդ մայրաքաղաքներից որևէ մեկը ներկայացնող երկրի ղեկավարի նախաձեռնությամբ, միջնորդությամբ կամ պարտադրանքով, ու քննարկում են երկրորդ խումբ բնակավայրերում ապրող մարդկանց ու այդ բնակավայրերը պաշտպանող զինվորների ճակատագիրը:
Հանդիպում են դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները պահպանելով, սյունազարդ պալատներում ու սնդուսափայլ դահլիճներում, քննարկում են ամեն օր մահվան սպառնալիքի ներքո ապրող մարդկանց ճակատագիրը: Այդ հանդիպումներով նրանք, լավագույն դեպքում, ապահովագրում են այդ մարդկանց այսօրը կամ վաղը, միևնույն ժամանակ սպանելով այդ մարդկանց ապագան, տեսանելի և հեռու ապագան: Որովհետև այդ բոլոր հանդիպումներն իրականում ոչ թե
հանուն մարդկանց, մարդու կյանքի հանդիպումներ են, այլ` հանդիպումներ, որտեղ մարդկային կյանքն ընդամենը գործիք է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար:
Այդ հանդիպումներում կա ամեն ինչ, բացի մարդու կյանքից: Այդ հանդիպումներում ոչ մեկը չի դողում գեթ մեկ մարդու կյանքի համար: Այդ հանդիպումները նրա համար են, որպեսզի երկուստեք մարդկային կյանքերը զոհվեն տարածության ու ժամանակի մեջ «համապատասխան չափաբաժիններով»: Հանուն խաղաղության պահպանման ներկայացվող այդ հանդիպումներն իրականում հանուն պատերազմի հանդիպումներ են: Հատկապես, երբ դրանք անց են կացվում Ռուսաստանի տարածքում ու Պուտինի միջնորդությամբ, որի համար պատերազմը բոլոր հնարավոր մեթոդներից ամենանախընտրելին ու եկամտաբերն է: Պատերազմի միակ այլընտրանքն այս հանդիպումների տրամաբանությամբ ոչ թե խաղաղությունն է, սւյլ հանձնվելը ֆիզիկապես ու բարոյապես հանձնվելը:
Պատերազմը միջոց է հասարակություններին. կրակի անմիջական սպառնալիքի ներքո երեխա մեծացնող ու բանակ ճանապարհել պատրաստվող մարդկանց վախեցնելու համար՝ համաձայնեք հանձնվելուն, եթե ցանկանում Եք չզոհել ձեր երեխաներին: Հողի ու մարդկային կյանքի միջև հավասարություն դնելու կեղտոտ քարոզչությունը, որն արդեն մի քանի ամիս բացահայտ ու թաքնված իրականացվում է Հայաստանում, դրա արտահայտությունն է, մարդկանց «հող ոչնչի դիմաց» գործարքին նախապատրաստելուն ուղղված քարոզչությունը:
Հողը ոմանց համար ծննդավայր, բնակավայր ու սրբավայր է, ոմանց համար` առևտրի առարկա: Խնդիրը փոխզիջումը չէ, առանց որի, հասկանալի է, չի կարող լինել դարաբաղյան հարցի վերջնական լուծում ու մշտական խաղաղություն, որին ձգտում է ցանկացած բանական մարդ: Խնդիրն անիմաստությունն է, որով կարոդ է ու, ըստ ամենայնի, հանձնվելու է այդ հողը, որին այդքան հեշտությամբ Երևանում նստածներից շատերը ռազմավարական կամ ոչ ռազմավարական գնահատականներ են տալիս:
Ե՞րբ կկրակեն Ադրբեջանին Ռուսաստանի հանձնած վերջին տանկերը, ե՜րբ համացանցում կտարածվի հերթական տեսանյութը, որում հայ զինվորներին կհրահանգեն սպասել ու չկրակել, ե՜րբ կձերբակալվեն հերթական մի քանի գեներալները, ի վերջո, կկրկնվի* ապրիլյան պատերազմը, թե այդ պատերազմի խնդիրը կլուծվի այլ պայմանավորվածությունների շրջանակներում, ժամանակի հարց է:
Սանկտ Պետերբուրգի երեկվա հանդիպումը գուցե կմոտեցնի այդ ժամանակը կամ կերկարաձգի մի քանի ամսով: Նախագահներին, միջնորդներին հնարավորություն տալով պատրաստվել հաջորդ հանդիպմանը, որը, հնարավոր է տեղի կունենա ավելի գեղատեսիլ որևէ այլ քաղաքում կամ դղյակում: Մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում հազարների կյանքի վերաբերյալ, էսթետիկական բազմազանության կարիք ունեն, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր հանդիպումից անմոռանալի տպավորություններ ստանան ու արձանագրեն յուրաքանչյուր նման հանդիպման միակ նպատակը’ մինչ նոր հանդիպում: Կամ` մինչ նոր պատերազմ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: