Տիկին Նաղդալյան, շատ հզոր ելույթ էր. Յան Լիդել-Գրանիե
Այսօր, հունիսի 20-ին, ԵԽԽՎ-ում մեկնարկած լիագումար նիստի ընթացքում, Բյուրոյի զեկույցը ներկայացնելիս՝ «Եվրոպական պահպանողականների» խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակեց որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց և՛ իր և՛ դահլիճում ներկաների վրա: Բրիտանացի պատգամավորը կարևորեց ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում իշխանությունների կողմից վարվող համատարած այլատյացության, ռեպրեսիաների քաղաքականության վերաբերյալ, ընդգծելով, որ դրանց մասին պետք է հետևողականորեն բարձրաձայնել:
Հերմինե Նաղդալյանն իր ելույթում մասնավորապես նշել է.
« Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին՝ խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի »,- միաժամանակ Վեհաժողովին կոչ անելով՝ զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:
«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու Ալիևյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը` վեհաժողովականների ուշադրությունը հրավիրելով հարևան երկրում վարվող այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման , խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության և օրեցօր ահագնացող այլ ախտերի վրա:
Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը Եվրոպացի գործընկերներին մասնավորապես հիշեցրել է Հունիսի 7-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի / ՌԱԵՀ / կողմից հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովը առանձնահատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների կողմից կիրառվող ատելության հրահրման քաղաքականությանը հայերի դեմ:
Ըստ զեկույցի` «…Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել:
… Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն հռետորաբանությանը»:
Զեկույցում հրապարակված հարցման արդյունքներով` Ադրբեջանի բնակչության 91%-ը ընկալում է Հայաստանը, որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի, և իրական ատելություն զգում ամեն հայկականի նկատմամբ:
« Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մանտանշում են որպես թիվ մեկ թշնամի , և այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում,- իր խոսքում նշել է Հերմինե Նաղդալյանը` դրա վառ օրինակ բերելով Սաֆարովի ոճրագործությունը` հայ սպայի նկատմամբ: Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է, «… որ իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել և աջակցել են Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու այն վտանգը, որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հանցագործների անպատժելիության զգացումը »:
Որպես այլատյացության ադրբեջանական քաղաքականության շարունակական դրսևորում, Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է 2016 թ. ապրիլի 2-ին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից կատարված սարսափելի հանցագործություններին` որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ սպային և կտրված գլուխը տեղադրել ինտերնետում, զինվորը, ով պատերազմական հանցագործություն է կատարել, խրախուսվել և աջակցություն է ստացել նախագահ Ալիևի կողմից:
Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է , որ թեև Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել և դատապարտվել է ԵԽ ԽՎ-ի կողմից, ընդունվել բանաձև` Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ , որի ընթացում զեկուցողը ներկայացրել է այն հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ՝ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի կողմից դա բավարար արձագանք չէ ` «Մենք հետևողական չեղանք կանգնեցնելու Ալիևին, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործություններ», – ասել է ԱԺ փոխխոսնակը: