27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ճգնաժամի հինգ տարին»

Հունիսի 18-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին»  խորագրով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ կազմակերպության համատեղ միջոցառումը, որն անցկացվեց  ՄԱԿ ՓԳՀ-ի՝« Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի՛ սիրիահայեր, ուրախ եմ այսօր ողջունել ձեզ ձեր Հայրենիքում: Ամենախելացի որոշումը, որ կայացրիք սիրիական պատերազմի առաջին օրերին, ձեր Հայրենիք վերադառնալն էր: Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այստեղ կարողանում եք աշխատել, ստեղծագործել, նվիրվել և ձեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Ուզում եմ հավատալ, որ դժվարությունները ետևում են մնացել: Մենք բոլորս՝ պետությունը, սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները, պետք է անենք ամեն ինչ, որ կարողանաք աշխատել, հզորանալ, հզորացնել մեր Հայրենիքը: Այսօր նշում ենք Փախստականի օրը, որը և ձերն է, և ձերը չէ, դուք փախստական չեք, դուք ձեր Հայրենիքում եք»:

Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ աշխարհում փախստականների թիվը մեծանում է, և դա անհանգստացնող մարտահրավեր է բոլորի համար: Դիմելով սիրիահայերին՝ նա հավելեց. «Դուք փախստական չեք, դուք մեր հայրենակիցներն եք, և ձեր մշակույթը բերել եք մեր երկրի զարգացման գործին: Սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կնպաստեն Հայաստանում ձեր կայացման և ինտեգրման գործընթացին: Դուք կարողանում եք ինքնաբավ լինել»:

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի      հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը շեշտեց. «Մեծարգո՛ պարոն դեսպան, տիկի՛ն նախարար, հարգարժա՛ն հյուրեր: Այսօր նշում ենք մի օր, որ նվիրված է այն մարդկանց , ովքեր ստիպված են եղել տեղահանվել և ապահով հանգրվան գտնել: Երբ ասում ենք ճգնաժամի 5 տարի, ասում ենք 5 տարի ոչնչացում, տառապանք և մահ:Ցավոք, Սիրիայի պատերազմը եզակի չէ, աշխարհում կան երկրներ, որ կործանման եզրին են: Շատ փխրուն բան է խաղաղություն ասածը: Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սիրիական պատերազմի զոհերի հիշատակը:

Հնչեցին Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների «Ավե Մարիա», «Կիլիկիա» ստեղծագործությունների հիանալի կատարումները:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ տեղահանված սիրիացի գործարարների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև՝ փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես և հիշատակի մոմավառության արարողություն:

Միջոցառումն ավարտվեց փախստականների պատմություններն ամփոփող ՄԱԿ ՓԳՀ «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսով:  Ցուցադրվեց սիրիացի ոճաբան Գևորդ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ