Ցմահները սկսում են
Ցմահ դատապարտյալների հարազատները պատրաստվում են նորից բողոքի ալիք բարձրացնել: Նրանք նշում են, որ իրենց պայքարը ոչ մի արդյունք չի գրանցել:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատները նշեցին, որ ցմահ դատապարտյալների համար բանտային պայմանները ավելի են վատացել:
«Ոչ մի բան չի բավարարվել, հիմա էլ ավելի վատ է իրավիճակը (թույլ չեն տալիս չոր ուտելիք տանենք, իրենց տված ուտելիքը ուտել չի լինում, չոր ուտելիք տալու իրավունք, որ ներսում իրենք պատրաստեն ու տաք ուտեն: Ասում են միայն եփած ուտելիք, բայց որ մի ծնողը կարող է ամեն օր եփած ուտելիք տանել, մի անելանելի իրավիճակում ենք հայտնվել»,-ասաց ցմահ դատապարտյալներից մեկի մայրը:
Հարազատները նշում են, որ ցմահ դատապարտյալներից մի քանիսին տարել են Էջմիածին.
«Եթե Նուբարաշեն հասնելու համար 4000 դրամ ենք ծախսում, ապա էջմիածին գնալուց 10000 դրամ պետք է ծախսենք: Պատերազմական իրավիճակ էր, ասեցինք սպասենք, հետո էլ ասեցին սահմանադրական փոփոխություններ կանեն և մեր տղաների կյանքում փոփոխություն կգրանցվի: Այս անգամ էլ մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու տուն ճանապարհեցին»,-ասաց Վաղարշակ Դավթյանի մայրը` Մարինե Բադալյանը:
Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալներ ամիսներ առաջ հացադուլ էին հայտարարել:Ցմահ դատապարտյալները անարդարացի են համարում նաև 20 տարի շարունակ տեսակցությունների քանակը տարվա կտրվածքով սահմանափակելը՝ 1 երկարատև և 3 կարճատև տեսակցություններով, իսկ ամսվա մեջ ընդամենը 2-3 անգամ 10-15 րոպե հեռախոսազանգով:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն իրենց գործերը վերանայելու պահանջով ավելի վաղ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: