ՀՔԾ-ն 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության ականատեսներին կոչ է անում տեղեկություններ հայտնել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում այն քաղաքացիներին, որոնք 58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսին) սպանության վերաբերյալ տեղեկություններ ունեն կամ ականատես են եղել միջադեպին, դիմեն իրենց:
ՀՔԾ հայտարարությունում ասվում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու եւ սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթեւեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:
Այն քաղաքացիները, ովքեր կարող են դեպքին առնչվող տեղեկություններ հայտնել կամ իրենց տրամադրության տակ ունեն դեպքին վերաբերող տեսանյութեր կամ լուսանկարներ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ 011 900-035, 011 900-039, էլ. փոստ՝ [email protected]):
Տեղեկատվությունը տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է»:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ եւ ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Ի դեպ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները մահացել են:
Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն երեք տարի անց համաներումով ազատ է արձակվել: