Արամ Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ. Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ընթերցեց արևմտահայերի նամակը
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նշեց՝ Թուրքիայի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է իրեն:
Պատգամավորն ընդգծեց՝ Թուրքիայի հայ համայնքը Հայաստանի պատկան մարմիններին կոչ է արել Արամ Աթեշյանին զերծ պահել Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորությունից:
«Որպես արևմտահայ քաղաքացիներ` ձեր միջոցով դիմում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիո հայության և արևմատահայության արժանապատվությունը վարկաբեկելով` թուրքական կառավարության քարոզչամեքենայի գործիքն է դարձել: Բողոքում ենք Աթեշյանի` Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ քաղաքական ցանկացած հայտարարություն անելուց և այլևս ոտք չդնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք: Մենք՝ ստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ, նույնիսկ՝ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքն ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը»,- ընթերցելով նամակը՝ մեջբերեց պատգամավորը:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ այն առանձին քննարկելու հարց է և, բնականապար, աղերս չունի Ազգային ժողովի օրակարգի հետ: