24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դռնբացեքի կարգ Ջավախքում /ֆոտո/

Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի եւ տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթեւ եւ տեր Տիգրան քահանաների մասնակցությամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը:

Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան եւ կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն եւ որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:

“Դռնբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ եւ վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին”,- դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արեւելք, ծովի մակարդակից 1690-1720 մ բարձրության վրա եւ սփռված է անտառալանջ լեռների մեջ: Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել եւ վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ եւ այլ գյուղերից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարե կառույց է փայտյա տանիքով, բայց 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ այն փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում այն նորից վերակառուցվում է: Գյուղի մեջտեղում կա նաեւ 17-18-րդ դարերի խաչքար: Գյուղից 2 կմ դեպի հարավ-արեւմուտք գյուղի տեսարաններից Խիդիսջվարին է (որը վրացերենից թարգմանաբար նշանակում է կամուրջ): Գյուղի գեղեցիկ տեսարաններից է  “Կոտրած Ժամը”-ը: Այն հիշատակվում է 13-14-րդ դարերում:

Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել եւ տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի եւ Զավեն Պոչիկյանի բարերարությամբ: Եկեղեցու բարերարները դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված եւ գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին:

Սրբազանը բարձր գնահատեց բարերարներին, փոխանցելով օրհնության գրեր եւ Աստվածաշունչ մատյաններ:
Մերենիա գյուղը բազմամարդ էր:  Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, տեղական իշխանության մարմինները եւ Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր եւ ուխտավորներ:

Թեմի առաջնորդին մերենցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով:
Տոնի կապակցությամբ  եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել  Մավր Մկրտչյանն ու ընկերները:
Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ