Երգի թագուհու հոգեհանգիստը /վիդեո/
Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հունիսի 15-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը: Նրա հոգեհանգստին ներկա են նրա ընտանիքի անդամները, հարազատները, մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ:
«Մենք ցավ ենք ապրում, ՕՖելյա Համբարձումյանը լեգենդ էր, հայ ժողովրդական երգի թագուհի, մենք իրոք մեծություն կորցրինք արվեստի դաշտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Օֆելյա Համբարձումյանը հայ աշուղական և ժողովրդական երգը բարձրացրեց և դրեց մի այլ մակարդակի վրա և ճիշտ այն տեղը դրեց, որը պետք է զբաղեցներ: Նա կատարողական արվեստի այնպիսի դպրոց ստեղծեց, որից դեռ շատ սերունդներ կօգտվեն»,-նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին առավոտյան, 91 տարեկանում:
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երեւանում: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:
Մանրամասները` տեսանյութում: