Հուլիսի 10-ից 17-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
Երեւանում հուլիսի 10-ից 17-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը։ Այս տարվա փառատոնին առաջին անգամ ներկայացված կլինեն դանիական ու բասկական ֆիլմեր:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այս տարվա փառատոնն առանձնահատուկ է, որովհետև Հայաստանը նշում է անկախության 25 ամյակը:
«Ուրախ եմ, որ, մշտապես մեծ ուշադրություն կա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նկատմամբ։ Այս տարվա «Ոսկե ծիրանը» մեզ համար առանձնահատուկ է, քանի որ մենք այս տարի նշում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը։ «Ոսկե ծիրան» փառատոնն անկախության ծնունդն է, ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք ծնում է անկախությունը: Դա խաղաղությունն է, մարդասիրությունը»,- ասաց նա։
Այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի նաև «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ կներկայացվեն ՀՀ անկախության տարիներին նկարված խաղարկային ու վավերագրական 17 ֆիլմեր:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանն էլ նշեց, որ այս տարի եւս փառատոնը ներկայանալու է հագեցած ծրագրով․
«Մրցութային ծրագրերը, գրեթե, անփոփոխ են՝ կլինեն լիամետրաժ, խաղարկային եւ վավերագրական միջազգային ֆիլմերի մրցույթներ»,- ասաց նա։