Ուզում եք քամեք, ուզում եք մի՛ քամեք, փողը պետք է վերցնել աշխատող մարդուց. Հակոբ Հակոբյան
«18 տարի է` Ազգային ժողովում եմ, և չի եղել Հարկային օրենսգրքի որևէ փոփոխություն, որ գործարար աշխարհին մոտ կանգնած մեկը դեմ քվեարկի», – ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծին՝ ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Վերջինս շեշտեց՝ Հարկային այս օրենսգիրքը այս ոլորտի առաջ ծառացած խնդիրներին լուծում չի տալիս:
«Լավ, այս օրենսգրքով մեր աղքատությունը կշատանա՞, թե՞ կփոքրանա: Վերջերս նկատում ենք, որ սպառումը պակասում է և ինչպե՞ս են հարկային բեռն ավելացնում սպառման նվազման պարագայում: Կան հարկ տվողներ օրենքով, և կան հարկ տվողներ փաստացի»,- ասաց Հակովյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև նախագծի հիմնական զեկուցող, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի զեկույցին:
«Երբ պարո՛ն Միրումյան, Դուք հիմնավորում եք, և ճիշտ եք հիմնավորում, որ 115 հազար ավելացրած արժեքի արտոնությունների դեպքում շուկայում անհավասարություն է ստեղծվում, ապա իմ հարցը հետևյալն է` արդյո՞ք այդ անհավասարությունը, որ գտել եք այստեղ, ուրիշ տեղեր չկա՞ն, որ չեք անդրադառնում:
Ամենամեծ անհավասարությունը 40 տոկոս գնային տարաբերությամբ սկսվում է սահմանի վրա, երբ նույն ապրանքը մեկի համար կարող է հսկիչ գին դառնալ, գին պլյուս քսան տոկոս, մյուսի համար՝ գին մինուս քսան տոկոս: Երբ խոսում եք անհավասարության մասին և ուզում եք հարկային հավասար դաշտ մտցնեք, ապա անդրադարձեք բոլոր տեղերը: Մենք ուզում ենք, որ ՀՀ պետական բյուջեն ավել եկամուտներ մտնի, փող վերցնում են աշխատող մարդուց: Ուզում եք քամեք, ուզում եք մի՛ քամեք, բայց փողը պետք է վերցնել աշխատող մարդուց: Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն օրենսգրքի խնդիրն է, պետք է լինի հավասարություն, չաշխատող մարդը հարկ չի տալիս»,- շեշտեց Հակոբյանը: