Աթեշյանի այլնընտրանքը
Անցնող շաբաթվա ընթացքում միջազգային եւ հայկական լրատվամիջոցները լայնորեն արձագանքեցին եւ լուսաբանեցին հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման մասին:
Գերմանիայի այս քայլը աշխարհի բազմաթիվ քաղաքական եւ պետական գործիչների, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից ընդունվեց գոհունակությամբ՝ հատկապես նրա համար, որ Գերմանիան լինելով ժամանակին Օսմանյան թուրքիայի դաշնակից ընդունում էր նաեւ իր մեղսակցությունը ցեղասպանությունը չկանխարգելու հարցում…
Բնականաբար, ինչպես սպասելի էր, Թուրքիայում այս որոշումը դառնագին եւ սվիններով ընդունվեց: Հատկապես անհամատեղելի եւ գռեհկության աստիճանի հասավ Թուրքիայի նախագահ նորանշանակ «Սուլթան»-ի տիտղոս ստացած Էրդողանի, պետական պաշտոնյաին անվայել եւ անհամաչափ արտահայտություններն ու ռասիստական փողոցային հայհոյանքների մակարդակով Գերմանիայի՝ հատկապես ազգությամբ թուրք 11 պատգամավորների հասցեին արված սպառնալիքները: Այս պատգամավորները քաջությունը ունեցան իրենց խղճի ձայնին լսելով եւ գիտակցականությանը եւ ճշմարտությանը հավատալով կողմ քվեարկել ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին:
Գերմանիայում թուրքական հայատյաց եւ ֆաշիստական որոշակի կազմակերպություններ, Էրդողանի եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ դրդումներից քաջալերված մահվան սպառնալիքներ տեղացին այս պատգամավորների հասցեին:
Եվրոպայի Հայերի Համագումարը հարգանքով է վերաբերում բոլոր այն անհատներին, կազմակերպություններին եւ պատգամավորներին, ովքեր պայքարում են արդարության եւ ճշմարտության վերահաստատման համար, միեւնույն ժամանակ խստիվ դատապարտում է բոլոր տեսակի ռասիստական հայացքները եւ սպառնալիքները:
Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում թուրք ժողովրդին, կազմակերպություններին, պետական ու ոչ պետական կառույցներին ցուցաբերել հանդուրժողականություն եւ զերծ մնալ հակահայ և կեղծ արտահայտություններից, անհեռանկար գործողություններից, պատմությանը եւ ճշմարտությանը նայել բաց եւ ուղիղ աչքերով, ցեղասպանությունը ժխտելու փոխարեն մտածել թե՝ ինչպես կարելի է շտկել անցյալի սխալները եւ գնալ այն ճանապարհով, ինչպես գնաց Գերմանիան Հրեաների ողջակիզման պարագային:
Բունդեսթագի որոշման կապակցությամբ անցնող շաբաթվա ընթացքին տեղի ունեցավ մի այլ երեւույթ եւս, որը քիչ կարեւոր չեր եւ նույնպես լայն արձագանք ունեցավ հատկապես հայկական մամուլում եւ քաղաքական ու հասարակական շրջանակներում, դա Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Աթեշյան արքեպիսկոպոսի տխրահռչակ նամակն էր ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանին: Պատրիարքի աթոռը գրաված Աթեշյանը հայոց ցեղասպանության նկատմամբ ուրացության աստիճանի հասնող իր այդ «Դաշանց» (դա-շանց) թղթով Պոլսո հայ համայնքի անունից ներողություն էր խնդրում Էրդողանին եւ դատապարտում էր Գերմանիայի Բունդեսթագի որոշումը եւ այն, որ «հայ ազգը» վիրավորվել եւ ցավով է ընդունել այդ որոշումը:
Ի պատասխան այդ նամակի Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» պարբերականը գրում է. «Թուրքիո հայ հասարակության ինքնությունը եւ ենթաինքնությունը ո’չ թե այս բանաձեւի ընդունումեն, այլ ձեր ելույթեն վիրավորված է: Մանավանդ ալ« հայ ազգի գաղութատիրական ուժերու կողմե շահագործվելու» մասին ձեր տողերը ուրացման պատգամի վառ օրինակ ըլլալով նշանակվելու արժանի է»:
Թուրքիայի հայությունը արժանի է ունենալու այնպիսի հոգեւոր առաջնորդ եւ պատրիարք, ով իր կոչումին եւ ժողովրդին հավատարիմ՝ կարող լինի քաղաքական եւ դիվանագիտական հեռատեսությամբ պաշտպանել հայ համայնքի իրավունքները եւ շահերը, առանց պղծելու հենց նույն եկեղեցու կողմից սուրբերի դասին արժանացած բյուրավոր նահատակների հիշատակը: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայում չափազանց դժվար է աշխատել ու ապրել, որպես հայ, սակայն արքեպիսկոպոս Աթեշյանը կարող էր այս հարցում նվազագույնը լռություն պահպանել:
Թուրքիայի հայությունը այս դժվարին կացությունից դուրս գալու համար կարիք ունի համախմբված եւ համերաշխ՝ պահանջել նրա հրաժարականը եւ 8 երկար տարիներ սպասված պատրիարքի ընտրություններ: Հակառակ պարագային արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարելի է համաձայն ընդունված սովորության «ուրացող» կոչումի արժանացնել, որպեսզի դաս լինի թե’ իրեն, եւ թե’ այն հետնորդներին ովքեր կհանդգնեն իրենց ճղճիմ ու անձնական շահերի համար ուրանալ եւ ոտնահարել հայության իրավունքները:
Եվրոպայի Հայերի Համագումար
Շվեդիա, Ուփսալա