Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար. Շարմազանով
Մեր երկրում ոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանձնարարականի արդյունքներին:
«Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար և դրա մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ: Այն, որ Կառավարությունն ու իշխանություններն ունեն քաղաքական կամք` պայքարելու կոռուպցիայի դեմ, փաստ է»,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով՝ իշխանությունը կոռուպցիան համարում է մարտահրավեր երկրի համար:
ԱԺ փոխնախագահն իր խոսքում անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի` Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված արձագանքին:
Հիշեցնենք՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, թե Զախարովային տված ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն «ատամ» էր:
«ԱԳՆ-ի գործողությունները ես չեմ գնահատում, բայց ես՝ որպես ԱԺ փոխնախագահ րոպեներ անց պատասխանել եմ և կարծում եմ՝ շատ «ատամով», ամբողջական պատասխան էր: Նժդեհը մեր մեծագույն հերոսներից է, ինչպես ռուսների համար Ալեքսանդր Նևսկին: Նժդեհը հակառուս չի եղել, և ով ցանկանում է ներկայացնել նրան հակառուսական գործիչ, չարաչար սխալվում է»,- ասաց Շարմազանովը: