Հարկային նոր օրենսգրքով վերացվելու են գերավճարները
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում նշեց՝ անընդունելի է համարում, որ Հարկային նոր օրենգիրքն արտահերթ ռեժիմով է քննարկվում` առանց հանրային և փորձագիտական քննության դնելու:
Պատգամավորը նշեց՝ գերավճարների խնդիրը լուրջ խնդիրներ է առաջացնում և կարիք կա վերանայելու հարցը:
Ինչ վերաբերվում է ՓՄՁ-ների հարկմանը, ապա Հարկային նոր օրենսգրքով շեմը սահմանվում է 40 միլիոնը. «Մենք պայքարեցինք, որ շեմը 50 միլիոնից բարձրացվի 115 միլիոն, հիմա դուք իջեցրել եք 40 միլիոն՝ առոչինչ համարելով պայքարի արդյունքը», – Զուրաբյանը:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն արձագաքեց՝ պնդելով՝ Հարկային նոր օրենսգրքով վերացվելու են գերավճարները. «Այս փաստաթղթով գերավճարների մոտեցումները հանված են: Գանձապետական հաշիվը, որը կա այսօրվա օրենսդրությամբ, վերացնում է գերավճար հասկացողությունը: Այս օրենսգրքի ընդունման դեպքում այդ մոտիվացիան վերացվում է, քանի որ այդ գումարները չեն համարվելու հարկային եկամուտներ: Հարցը խնդրահարույց է, մարտահրավեր է»,- ասաց Միրումյանը:
Անդրադառնալով ՓՄՁ-ների հարկման շեմին՝ ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց՝ այսօր գործող հարկման շեմը գործելու է մինչև 2018 թվականը:
«Մենք չենք ասում, որ պետք է շեմի կրճատման դրույթը ուժի մեջ մտնի ավելի շուտ: Եթե կարիք լինի, կներկայացնեմ ամբողջ վիճակագրությունը, և մենք կհասկանաք` թվային առումով ինչ է տեղի ունեցել»,- ընդգծեց Միրումյանը: