Զայրացած Րաֆֆու մտադրությունը ոչ մեկ չի հասկացել. Հրապարակ
Նախորդ օրը տեղի է ունեցել “Ժառանգության” քաղխորհրդի նիստը: Երկուսուկես ժամ տեւած նիստի ընթացքում, այնուհանդերձ, ներկաներից որեւէ մեկը չի հասկացել, թե ինչ է մտադիր անել Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին` իր ինաուգուրացիայի ժամանակ: Խոսվել է գրեթե ամեն ինչից, եւ, այնուհանդերձ, հարցը բաց է մնացել: Րաֆֆին ասել է, որ ինքը գիտի իր անելիքն ու սցենարը, սակայն ցանկանում է լսել կուսակիցների առաջարկները, ավելին` ասել է, որ կարող են գրել այդ օրվա իր ելույթը, միասին կքննարկեն: Այնուհետեւ անդրադարձ է եղել երեկվա միտինգին. Րաֆֆու կարծիքով, պետք է տասը հազար մարդ այդ միտինգին ներկա լինի, երեք հարյուր հազար մարդ` ինաուգուրացիայի օրը:
Քննարկվել է նաեւ հարցը, թե ինքը պետք է գնա՞ Գյումրի ու գյումրեցիների հետ գա Երեւան` ինաուգուրացիայի, թե՞ սպասի գյումրեցիներին Երեւանում: Որոշվել է` Երեւանում (Գյումրի կգնա Արմեն Մարտիրոյանը), որովհետեւ այդ օրը` ապրիլի յոթին, սկսվում է նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ու պետք է Րաֆֆին “տեղում” լինի: Րաֆֆին նաեւ իր զայրույթն է հայտնել` սեպարատ, Ազատության հրապարակում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին կազմակերպված մոմավառության ակցիայի առիթով: Րաֆֆին տեղեկացրել է, որ կազմակերպիչները զանգել են իրեն, ինքն ասել է. կարող ենք միասին` մեր միտինգի օրը դա կազմակերպել, սակայն “զանգողներն” առանձին են գնացել: Ի դեպ, ապրիլի 8-ին նախատեսված է “Ժառանգության” շտաբի հաջորդ նիստը, որի ժամանակ հաստատ Րաֆֆին կասի, թե ինչ է անելու ինաու-գուրացիայի օրը` հաստատում են “Ժառանգության” ներկայացուցիչները: