15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆու գրական-երաժշտական երեկոն. Առավոտ

Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձեւակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձեւակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են):

 Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ` ընդհուպ մինչեւ “ծովից ծով”: Բայց ես նաեւ հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձեւակերպումն անիմաստ է, եթե ոչ` վտանգավոր: Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաեւ հասկանալի է, երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը` “մենք ո՞վ ենք”:

 Եվ հայրը պատասխանում է` “հայ ենք”: Երեխայի հաջորդ հարցը` “իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում”: Պատասխան` “թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից”: “Վայ, ես դրանց…”:

Միանգամայն բացատրելի զգացմունքներ են` զարմանալի, աններելի կլիներ, եթե հոր եւ որդու միջեւ նման երկխոսություն տեղի չունենար: Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի: Նման մտածողության մեջ կա նաեւ մի տարր, որն ինձ համար ընդունելի չէ: Այդ մոտեցումը ենթադրում է ինչ-որ իմպերատիվ պահանջներ` եթե դու հայ ես, ուրեմն պարտավոր ես անել այս կամ այն բանը: Անձամբ ես չեմ ընդունում որեւէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից: Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը` լավ եք անում, Ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից եւ Վրաստանից մեր պատմական հայրենքը` էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել` որպես վրեժ Ցեղասպանության համար` այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի:

Բայց մի պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն: Վերջերս կարդացի, որ հայը “իրավունք չունի” հայտնելու տեսակետ, որը տարբերվում է Դաշնակցության դիրքորոշումից: Նրանք, ովքեր այդպես են կարծում, պետք է պահանջեն իրենց Բյուրոյից, որ վերջինս ամեն օր 10 միլիոն շրջաբերական թողարկի, որ մենք բոլորս այդ “ծիրին մեջ” ենք: Հետաքրքիր է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանը “ավելի մեծ” դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում: Դա էլ է, երեւի, օրինաչափ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ