Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով 2 հոգի էլ կալանավորվեցին
58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը, որոնք հունիսի 12-ի գիշերը, ժամը 4-ին, ներկայացել էին ոստիկանություն, արդեն կալանավորվել են:
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերի մեղադրանքով հունիսի 8-ից հետախուզվում էին Երեւանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը եւ 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում` Արարատ Նիկողոսյանը եւ Արտաշես Չիչոյանը հունիսի 12-ին, ժամը 4- ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Արարատ Նիկողոսյանը եւ Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էր մեկ այլ անձ՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը: