Նոր սպառնալիք. 168 Ժամ
Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը: Երեկ, սակայն, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմն աշխատում է այղ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ:
Զուգահեռաբար`
երկու օր է, Ադրբեջանի կողմից ոգևորված հայտարարություններ են հնչում ոչ միայն’ Ռուսաստանի հետ հարաբերությունների, դարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի բացառիկ դերի, այլ հենց այդ` հունիսին կայանալիք հանդիպման մասին: Հայկական կողմից պաշտոնապես դեռևս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ գործոնների, վկայում է, որ Հայաստանը շահագրգիռ չէ այդ ձևաչափով հանդիպման կայացման մեջ:
Իսկ ձևաչափը նշանակում է` հանդիպում’ ռուսական նախաձեռնությամբ ու ռուսական հովանու ներքո, ինչն էլ իր հերթին’ նշանակում է’ ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի շնորհիվ տապալված «ռուսական պլանի» վերակենդանացում: Ավելին, դատելով ադրբեջանական ոգևորության չափաբաժնից, բացառված չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին հերթական երաշխիքն է տվել, որ այն, ինչը տապալվեց հայկական զինված ուժերի շնորհիվ, Հայաստանին կպարտադրվի «դիվանագիտական» ճանապարհով: Ընդ որում, այս գործընթացը կարող է փոխկապակցված լինել այս օրերին ծավալվող այլ` ներհայաստանյան խմորումների հետ:
Հայաստանի խորհրդարանում է գտնվում Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ձևավորման մասին համաձայնագիրը, որի վավերացումը ռուսների համար սկզբունքային նշանակություն ունի, և, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ են խոստովանել, Ռուսաստանն այդ համաձայնագրի վավերացումը ներկայացրել է` որպես պայման` 200 միլիոն դոլարի սպառազինությունը Հայաստանին մատակարարելու համար:
Բացառված չէ, որ Սանկտ Պետերբուրգում նախագահական գագաթաժողովն այս ձևաչափով կազմակերպելը լրացուցիչ ճնշում է այդ ուղղությամբ: Այսինքն` Ռուսաստանը կարող է այդ հանդիպումը չեղարկել` ՀՕՊ-ի համաձայնագրի վավերացման դեպքում: Այս իրավիճակում, ի դեպ, առնվազն տարօրինակ է գոնե մինչ այս պահն արևմտյան համանախագահների չեզոքությունը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ դարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արևմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: