15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խաչիկ Կոսյանին պատանդ են պահում, անօրինական կալանավորում է. դաժան սպանության մութ կետերը

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված 26-ամյա Խաչիկ Կոսյանի  հայրը՝ Հակոբ Կոսյանը արդարադատության գնդապետ է։ Նա մինչեւ վերջերս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում եւ ամիսներ առաջ է դուրս եկել աշխատանքից:

«Կազմակերպված շոու է , քանի որ մի շարք ուժեր ուզում են ինչ-որ բան ցույց տալ: Գնդապետ լինել՝ նշանակում է 30-40 տարվա ծառայություն երկրի համար, մյուս կողմից նշեմ, որ Հակոբ Կոսյանը երբեք որևէ արտոնությունից չի օգտվել և լինելով ծառայություններ մատուցած անձ միացել է տուժողների պահանջին և ինքն էլ պահանջում է պատժել Եղիշե Խաչատրյանի սպանության մեղավորին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Խաչիկ Կոսյանի փաստաբան Վաչագան Քոսյանը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հայրը՝ Հակոբ Կոսյանն իր կնոջ Նունե Կոսյանի հետ, ցավակցել են տուժող 58-ամյա Եղիշե Խաչատրյանի ընտանիքին եւ միացել են հայտնի լեզվաբանի բաց նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին:

«Դեպքը զազրելի է, սարսափելի, սակայն այստեղ ևս մենք ունենք ճշմարտության խնդիր:Կան մարդիկ, ովքեր տուժողներին փորձում են արջի ծառայություն մատուցել: Իրականում այլ բան է կատարվում, քանի որ մեղադրվող անձը Խաչիկ Կոսյանի կնոջ կողմից մերձավոր ազգականն է , ապա ըստ էության Խաչիկ Կոսյանին պատանդ են վերցրել, որ նա գա ու ներկայանա:Խաչիկ Կոսյանի մեղքը հիմնավորված չէ:Ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Օրենքի տեսանկյունից բացարձակ զրո վիճակ է; փաստերը խոսում են միայն Խաչիկ Կոսյանի օգտին, որը որևէ առնչություն չունի դեպքի հետ: Նա ընդամենը գտնվել է տարածքում, բայց անգամ ականատես չի: Երբ մոտեցել է դեպքի վայրին՝ ամեն բան ավարտված է եղել»,-մանրամասնեց պաշտպանը:

Վաչագան Քոսյանը փոխանցեց նաև Խաչիկ Կոսյանի հոր հայտարարությունը.« Հակոբ Կոսյանը նկատում է, որ ինքը այդպիսի որդի չի դաստիարակել: Եթե իր որդին կարող էր բռնություն գործադրել հոր տարիքի մարդու նկատմամբ, ապա թող նա ամենախիստ պատիժը ստանա:

Նշենք նաեւ, որ Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, նա եղել է Կենտրոն եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներից, կոչումով՝ արդարադատության լեյտենանտ: Այս դեպքից հետո գործով քննություն իրականացնող քննիչի միջնորդությամբ, ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնակատարի որոշմամբ, Կոսյանի լիազորությունները կասեցվել են:

Անդրադառնալով հանգամանքին, որ Խաչիկ Կոսյանը 6 տարի առաջ վրաերթի է ենթարկել երկու աղջկա, որոնք մահացել են ու նա ունի դատվածություն պաշտպանը ընդգծեց, որ Կոսյանը իր պատիժը կրել է ամբողջությամբ.«Այսքանից հետո նա կրթություն է ստացել ու սովորել մագիստրատուրայում: նա անզգույշ հանցագոծություն է կատարել և դրա մեջ կա քաղաքապետարանի ու ավտոտեսչության մեղքը, նաև տուժողների սուբյեկտիվ մեղքը»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ  տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:

Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝  բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա  կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ  վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող  ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների, որից հետո հանդիպակաց ուղեմասով երթեւեկող, 38-ամյա Հայկազ Գ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կրկին վրաերթի էր ենթարկել աղջիկներից մեկին։ Երկու աղջիկներն էլ մահացել էին։

Հունիսի 1-ին Խաչիկ Կոսյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ հայտնել, որ նշված վրաերթը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը։ Նա այդ գործով ազատազրկան է դատապարտվել 4 տարի ժամկետով, սակայն երեք տարի անց համաներմամբ ազատ է արձակվել:

Նախօրեին նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Գործն ուղարկվել է ՀՔԾ, քանի որ մեղադրյալը ԴԱՀԿ աշխատակից է:

Նույն գործով մյուս մեղադրյալներից 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի կնոջ եղբայրն է, իսկ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը՝ նրա մտերիմ ընկերը: Վերջիններս գտնվում են հետախուզման մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ