Կեղծ զեղչերի կուտը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում, ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ բողոք է լինում քաղաքացու կողմից: Ֆեյսբուքում քննարկվում են անբարեխիղճ մրցակցության դեպքերը, դրա մասին հասարակության մեծ մասը չի տեղեկանում, տնտեսվարող սուբյեկտը չի պատժվում եւ խնդիրը չի լուծվում»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Մոնիթորինգ կարող է իրականացնել միայն դրա համար ստեղծված պետական հանձնաժողովը, քանի որ միայն այդ մարմինն ունի իրավասություն` ուսումնասիրելու ապանքների գների վերաբերյալ փաստաթղթերը եւ հայտնաբերել խախտումները:
Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ մոնիթորինգ անցկացնելու գործում պետք է ներգրավված լինեն քաղաքացիներ, որոնք կվստահեն հանձնաժողովին ու կհայտնեն նրան իրենց տեսած յուրաքանչյուր խախտում: