Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառում է կայացել ՄԱԿ-ում

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ դեսպանը նշեց, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման եւ այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարեւորությունը: Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ընդունված բանաձեւին՝ կարեւորելով ճշմարտության, արդարության վերականգնման, հատուցման եւ հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը եւ ընդգծելով կրթության, ներառյալ՝ մարդու իրավունքների բնագավառում կրթական ծրագրերի կարեւորությունը կանխարգելման հարցում:
Կարեն Նազարյանը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը շարունակելու է իր հետեւողական քայլերը, եւ թուրքական կառավարությունը, չնայած իր կողմից որդեգրած մերժողականությանը, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը ողջունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, ինչպես նաեւ այն թուրք մտավորականների, ուսանողների ու քաղաքացիների կեցվածքը, ովքեր գիտակցում են ճանաչման ու դրա միջոցով այդ հանցագործության կանխարգելման կարեւորությունը՝ սատար կանգնելով Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պայքարին:
Օրվա բանախոսները, որոնց շարքում էին գիտնականներ, դասախոսներ եւ արվեստագետներ, ներկայացրեցին իրենց ուսումնասիրություններն ու շեշտեցին նմանօրինակ միջոցառումների անցակցման կարեւորությունը ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով:
Միջոցառմանը նաեւ ցուցադրվեց Մայքլ Հակոբյանի՝ Խարբերդի ջարդերին անդրադարձող «Ձայներ լճից» վավերագրական կինոնկարը, որը ներկայացրեց հայտնի կինոռեժիսոր, մեկնաբան Կառլա Կարապետյանը:
Հանդիպման կազմակերպիչների կողմից պարգեւներ ու շնորհակալագրեր հանձնվեցին ուսանողներին, ովքեր հաղթող էին ճանաչվել ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթում: