Գնդապետի որդին` դաժան սպանության մասնակից. Ժողովուրդ
2016թ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58- ամյա Եղիշե Խաչատրյանի հետ` երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներկայությամբ նրան բազմաթիվ հարվածներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր:
Դեպքից երկու օր անց’ հունիսի 8- ին, սպանվածի կինը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, բաց նամակ գրեց Սերժ Մարզպանին
` խնդրելով իր ամուսնու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել իր անմիջական հսկողության տակ եւ ամեն ինչ անել գործը բացահայտելու եւ ամուսնուն դաժանաբար ծեծողներին պատժելու ուղղությամբ:
Եվ, ահա, ինչպես նկատում ենք’ սպանվածի կնոջ հորդորը տեղ հասավ, բաց նամակի հաջորդ օրը հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երեւան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսjանն է: Իսկ ով է Խաչիկը:
Պարզվում է` նա աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Խաչիկ Կոսյանը 2010 թ-ին Հերացի փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել թույլատրելի հատվածով անցնող երկու երիտասարդ աղջիկների եւ նրանց թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Այս արարքի համար Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 4 տարի ժամկետով, վարորդական իրավունքից զրկել էր 3 տարի ժամկետով: Պարզվում է, որ Խաչիկ Կոսյանը պատահական մարդու որդի չէ: Խաչիկ Կոսյանի հայրը` Հակոբ Կոսյանը եւս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, արդարադատության գնդապետ է:
Բայց տեղեկացնենք, որ Կոսյանը միայնակ չի գործել: Նրա հետ է եղել իր կնոջ եղբայրը` Արտաշես Չիչոյանը, եւ Արարատ Նիկողոսյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, լուրեր կան, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանողները թաղային հեղինակություններ են, իսկ Արտաշես Չիչոյանը կապ ունի գողական աշխարհի հետ եւ մեծ ցանկություն է ունեցել օրենքով գող կարգվել:
Հավելենք, որ այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ դեպքի օրը վերոնշյալ երիտասարդների հետ է եղել մի աղջիկ, որը եւս մեծ մասնակցություն է ունեցել ծեծի գործում: Նա լեզվակռվի մեջ է մտել սպանված Եղիշեի 75-ամյա մոր հետ’ ըստ էության չթողնելով, որ նա մոտենա ու միջամտի իր որդուն «մանտիրովկաներով» ծեծող երիտասարդներին: Արդյունքում ոչնչից սկսված կռիվը ճակատագրական ավարտ ունեցավ իր մոր աչքի առջեւ ծեծելով սպանվեց Եղիշե Խաչատրյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: