Մենք ցույց տվեցինք, որ Ալիեւի կոռումպացված իշխանությունը ապրիլին սանձազերծել է պատերազմական գործողություններ․ Մելքումյան
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին՝ մայիսի 28-30-ը Տիրանայում կայացած ՆԱՏՕԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների քննարկումները շատ բուռն են անցել:
Այս մասին այսօր խորհրդարանում ամփոփիչ ասուլիսով հայտարարեցին պատվիրակության անդամները՝ ներկայացնելով պատվիրակության աշխատանքները.
«Ներկայացվեցին բազմաթիվ մտահոգություններ, եւ նշանավորվեց, որ առաջիկայում՝ հուլիսի ութից ինը, Վարշավայում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների գագաթնաժողովը»,-ասաց պատվիրակության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը:
Նահապետյանի խոսքով հայկական պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր քննարկումներին, հինգ հանձնաժողովներում էլ մասնակցել են բոլոր նախագծերի քննարկմանը:
Հիշեցնենք՝ հայկական պատվիրակությունը համալրվել է նոր անդամով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւս ընդգրկվել է հանձնաժողովում:
«Մենք ցույց տվեցինք, որ Ալիեւի կոռումպացված իշխանությունը հասարակության ուշադրությունը ներքին խդիրներից շեղելու համար ապրիլին սանձազերծել է պատերազմական գործողություններ, որոնք լիակատար ձախողման է ենթարկվել», -ասաց Միքայել Մելքումյանը:
Կորյուն Նահապետյանը շեշտեց՝ նստաշրջանի մեկնարկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նամակով դիմել էր Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին, որպեսզի ԼՂ հարցը քննարկման առարկա դարռնար։
«Մեր պատվիրակությունը նշել էր, որ նպատակահարմար չենք գտնում հարցի քննարկումը, քանի որ կա միակ գործող արդյունավետ համաձայնեցված ձեւաչափ՝ Մինսկի խումբ, եւ մնացած բոլոր հարթակներում հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման մեխանիզմներից»,-ասաց Նահապետյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ընդառաջ էր գնացել՝ համաձայնելով հարցի քննարկմանը: Կորյուն Նահապետյանը նշեց՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավորը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով՝ Հայաստանը տարածքներ է օկուպացրել, ապրիլյան պատերազմն է սանձազերծել եւ այլն, սակայն հայկական կողմը հակադարձել է՝ տեղեկացնելով, թե ով է իրականում սանձազերծել պատերազմը: