Այո՛, Կարթագենը պետք է ծնկի գա. Շարմազանով
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնի հարցազրույցին, որտեղ վերջինս նշել էր՝ Հայաստանը քոսոտ երկիր է:
«Ժողովու՛րդ ջան, 80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի Հայաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում, եթե նույնսիկ համարենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ գիտնական է, հանճարեղ կազմակերպիչ, անբասիր ղեկավար, 80 տարեկան մարդուն ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում պահելը, կնշանակի ԳԱԱ-ն դատապարտել քոսոտ լինելու հեռանկարին»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանն ունի այնպիսի պատմություն, որով կարելի է հպարտանալ, ուստի չի կարելի այնպիսի հայտարարություններ անել, որոնցում Հայաստանը պիտի նվաստի դերում հանդես գա:
«Հայաստանը փառապանծ պատմություն ունի, բայց Հայաստանի փառքի գագաթնակետը ոչ թե անցյալում է, այլ ապագայում, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան. այս առումով 2015 թվականի պետական բյուջեում տագնապալի թվեր կան, նախորդ տարվա համեմատ 1200 պակաս ծնունդ կա ՀՀ-ում, մի բնա էլ նոր թափով շարունակվում է արտագաղթը»,-ասաց Փաշինյանը:
Ընդհանրապես, քառօրյա պատերազմից հետո արտագաղթի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխել, պարզ է, որ Հայաստանում կա կոռումպացված, արտագաղթը խթանող իշխանություն, եւ դեռեւս վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունը արտագաղթող պոտենցիալ հեղափոխականների մասին, այսօր էլ արձագանքվում է»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց՝ ժողովուրդն իրեն պետք է հարց տա՝ քառօրյա պատերազմի ընթացքում այդ 18 տարեկան տղաները զոհվեցին, որ Հայաստանը շարունակի դատարկվե՞լ:
«Պարզ է, որ գնացողները մտածում են հետեւյալ կերպ, որ այստեղ այլեւս հնարավոր չէ, բայց արդյոք Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Որֆանյանը, Քյարամ Սլոյանը մարտի ժամանակ մտածել են, որ շատ դժվար է, եւ այստեղ այլեւս հնարավոր չէ, արդյոք իրենց ծնողներին մեղադրե՞լ են, որ 10 տարի առաջ չեն արտագաղթել Եվրոպա, որպեսզի իրենք ոչ թե խրամատներում լինեին, այլ «Շանզե-Լինզե»-ի կաֆեներում՝ սուրճ ըմբոշխնելիս, բնականաբար չեն մտածել այդպես, հակառակ դեպքում այդպիսի արարքների ընդունակ չէին լինի: Յուրաքանչյուրիս առաջ պատասխանատվություն կա դրված. մենք պետք է շենացնենք ՀՀ-ն, եւ ՀՀ-ի թշնամիները պետք է ծնկի գան»,-եզրափակեց Փաշինյանը:
«Այո՛, Կարթագենը պետք է ծնկի գա»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով՝ Հայաստանի թշնամիները պետք է ծնկի գան: ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումների հետ, թե զոհերի առջեւ պարտավորություն ունենք բոլորս: