05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայերս ոգեւորվում եւ հիասթափվում ենք. Առավոտ

Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, եւ չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող “բացահայտումների” մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգեւորվելու առիթ չեմ տեսնում: Ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ իրենք ունեն ինչ-որ նյութեր հայաստանյան ներկա եւ նախկին պաշտոնյաների չարաշահումների մասին, եւ որ այդ պաշտոնյաների շարքում, իբր, կա Ռոբերտ Քոչարյանի անունը:

Նախ` շատ կցանկանայի, որ մեր ներկա եւ նախկին պաշտոնյաներով զբաղվեր մեր` հայաստանյան արդարադատությունը: Երկրորդ` մեղադրանքներն այնքան անորոշ են, որ հեռու գնացող վերլուծություններ, առավել եւս աշխարհաքաղաքական ընդհանրացումներ անելը վաղ է:

Ես միշտ փորձում եմ զգուշացնել մարդկանց, որ պետք չէ ժամանակից շուտ եւ չափից դուրս շուտ ոգեւորվել` հետո, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում (իսկ սովորաբար 100 տոկոսանոց արդյունքն անհասանելի է), մարդիկ ընկնում են հիասթափության գիրկը:

Երբ, օրինակ, “նախորդ” ընդդիմադիրներն ասում էին` կլինի “թեժ ամառ” կամ “թեժ ձմեռ”, կամ երբ կանխատեսում էին, որ հաջորդ հանրահավաքը լինելու է “բեկումնային”, նրանք վատություն էին անում թե իրենց շարժմանը եւ թե այն մարդկանց, ովքեր իրենց հավատում էին. երբ ձմեռը կամ ամառը թեժ չէր լինում, կամ` երբ հանրահավաքը բեկումնային չէր ստացվում, այդ մարդիկ իրենց զգում էին մոտավորապես այնպես, ինչպես մենք բոլորս` Հայաստան-Չեխիա վերջին ֆուտբոլային խաղից հետո: Հակառակը` որքան էլ քարոզչական առումով դա “անհետաքրքիր” հնչի, արատավոր համակարգը, որում մենք ապրում ենք, կարող է փոխվել միայն երկարատեւ ջանքերի շնորհիվ, եւ այդ ջանքերը միայն փողոցում չէ, որ պետք է գործադրել:

Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցներն ասում են` ապրիլի 9-ին այս կլինի, այն կլինի, նրանք հաշվի չեն առնում, որ եթե ոչ մի բան չլինի [ինչի հավանականությունը շատ մեծ է], ապրիլի 10-ին կամ 11-ին մարդիկ նույն ոգեւորությամբ չեն գա, եւ նրանց այլեւս հնարավոր չի լինի “զբաղեցնել” հացադուլի նման ակցիայով: Երեկ tert.am-ում մի տեղեկատվություն էր հրապարակված, համաձայն որի` “Գելափը” նախկին խորհրդային տարածքում սոցիոլոգիական հարցում է անցկացրել` պարզելու համար, թե 12 երկրներից (նախկին 15-ը` հանած Մերձբալթիկան) բնակիչների որ տոկոսն է հակված ընդմիշտ լքելու իր երկիրը: Ամենաբարձր ցուցանիշը հայաստանցիների մոտ է` 40 տոկոս: [Եկեք այս անգամ հավատանք “Գելափին”]:

Պատճառները, իհարկե, հայտնի են. նման տրամադրությունների հիմնական մեղավորը իշխանությունն է, որն, ըստ երեւույթին, ադեկվատ պատկերացում չունի երկրի իրական վիճակի մասին եւ անհաղորդ է մարդկանց կարիքներին: Բայց եկեք ընդունենք նաեւ, որ Հայաստանը վերոհիշյալ 12 երկրներից ամենաաղքատը, ամենաավտորիտարը, ամենակոռումպացվածը եւ ամենաանարդարը չէ: Բոլոր տապալված [failed] պետություններից Հայաստանը ամենատապալվածը չէ: Նույնիսկ մթնոլորտը մեզ մոտ ամենագաղջը չէ: Ո՞րն է, ուրեմն, հավանական պատճառներից մեկը: Իհարկե, դա լուրջ հետազոտություն է պահանջում, բայց փորձեմ ենթադրել, որ մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք` հայերս, չափից դուրս հեշտ ենք հուսավառվում եւ նույնքան հեշտ հիասթափվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ