Տարոն Մարգարյանը ՀՕՖ-ի երեխաներին խաղային ատրակցիոններ նվիրեց

Մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարեւորագույն ծրագրերից եւս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Հայ Օգնության Ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն”: Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ:
Շրջելով կենտրոնի մասնաշենքում եւ ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին եւ մատուցվող ծառայություններին, քաղաքապետը նաեւ մտերմիկ զրուցել է երեխաների հետ:
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ծավալած գործունեության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ այն իրապես գնահատանքի արժանի գործ է կատարում. “Վստահ եղեք, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի ձեր նախաձեռնումներին եւ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի կենտրոնը առավել լիարժեք իրացնի իր առաքելությունը”, – նշել է քաղաքապետը:
Կենտրոնում երեխաների առօրյան առավել լիարժեք կազմակերպելու նպատակով քաղաքապետի անունից երեխաներին ժամանակակից խաղային ատրակցիոններ ու անհրաժեշտ այլ պարագաներ են նվիրվել:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն