Աթեշյանի քայլերի դրդապատճառը. Արագած Ախոյանը զայրացել է
«Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` երեկ արած հայտարարությունն առաջինը չէր, դա այն գագաթնակետն էր բոլոր հակահայ ու նույնաբովանդակ հայտարարությունների, որոնք հնչել են մինչ օրս: Այդպիսի հակահայ հայտարարությունները եղել են պարբերաբար: Շատ է եղել, որ հայկական համայնքը շատ անգամ է փորձել դրանց վրա աչք փակել, և շատ անգամ է եղել, որ Մայր Աթոռը փորձել է կլորացնել բոլոր սուր անկյունները, բայց այսպես այլևս անհնար է, իսկ երեկվա հայտարարությունն ուղղակի այդ շարքի վերջնակետն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Ախոյանը նաև շեշտեց, որ Թուրքիայում հասարակական ու քաղաքական լայն շերտերն արդեն ողջունել են Գերմանիայի Բունդեսթագի քայլը, և հորդորեց Աթեշյանի հայտարարությանը չշփոթել ո՛չ հայկական համայնքի, ո՛չ էլ՝ Մայր Աթոռի հետ, ապա ընդգծեց, որ Արամ Աթեշյանը Պոլսո պատրիարքը չէ, այլ փոխանորդն է անկողնուն գամված Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի:
«Ըստ կանոնակարգի՝ Պոլսո պատրիարքը ցմահ է ընտրվում, իսկ Աթեշյանը պարզապես օգտվում է առիթից»,- ասաց Ախոյանը՝ հավելելով, որ Աթեշյանը սպասարկում է ոչ թե Թուրքիայում ապրող հայկական համայնքի, այլ թուրքական իշխանությունների շահերը՝ ևս մեկ անգամ նրանց ջրաղացին ջուր լցնելով:
Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ անգամներ ինքն անձամբ բանավիճել է Աթեշյանի հետ: «Մենք ուղղակի կարմրեցինք, երբ լսեցինք, թե նա ինչպես է հայտարարում, որ Թուրքիայի նման դեմոկրատ պետություն գոյություն չունի: Անկեղծ ասած` ապշած ենք հոգևորականի նման պահվածքից»,- ասաց նա: