Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 8-ին խորհրդարան էին այցելել «Հայբուսակ» համալսարանի ուսանողները եւ դասախոսները:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպել թե՛ մանկավարժների եւ թե՛ ուսանողների հետ:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը հիմնականում վերաբերել են նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերին, երկրի սոցիալ-տնտեսական, առողջապահության ոլորտների խնդիրներին, գիտության զարգացման համար ներդրումների ավելացմանը, ինչպես նաեւ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին:
ԱԺ փոխնախագահը հորդորել է ուսանողներին լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ դառնալ ընտրած ոլորտում լավագույն մասնագետները:
Նշենք, որ հանդիպումից առաջ ուսանողները շրջել են խորհրդարանում, ծանոթացել նիստերի դահլիճին կից սրահում ներկայացված ցուցահանդեսին եւ ներկա եղել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ քննարկմանը:
Այցի ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: