Չեխիայի նախագահը կդիմի երկրի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը պատրաստվում է դիմել Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով։ Նա հայտարարել է, որ ինքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014 թվականին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ընթացքում:
«Նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդը նույնպես նման տառապանքներ կարող էր կրել, պատմությունը կարող էր կրկնվել: Ես գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության անդամ երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես իմ հայտարարության հաջորդող քայլ՝ ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն Գերմանիայի օրինակին և կատարեն նման դատապարտող հայտարարություն»,- ասել է նա։
Զեմանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին։ Նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Նա առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Չեխիայում՝ նշելով, որ 2002թ. և 2005թ. նման նախաձեռնություն արդեն եղել է: