17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի նախագահն ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

“Ջերմորեն ողջունում եմ մեր երկրների պետական իշխանության, բիզնեսի եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներին արդեն երկրորդ անգամ Երեւանում հավաքող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին:

Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են եղբայրության եւ բարեկամության բազմադարյա հարաբերությունները: Հենց այդ հարաբերություններն են դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության սկզբունքներով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմք կազմում:

Մենք սերտորեն եւ համակարգված փոխգործակցում ենք միջազգային օրակարգի հարցերի շրջանակում, արգասաբեր համագործակցում ենք ամենատարբեր՝ տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում: Բարձր ենք գնահատում ռուսաստանյան մեր բարեկամների հետ հաստատված բաց, կառուցողական եւ որոշակի արդյունքների ձեռքբերմանն ուղղված երկխոսությունը, որը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում մեր գործընկերության զարգացման համար:

Մեր պետությունների միջեւ փոխգործակցության ամենաարդյունավետ գործիքներից մեկը դարձել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց Հայաստանի եւ Ռուսաստանի պետական իշխանության, գործարար եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչների միջեւ բաց, կառուցողական երկխոսության պահանջված հարթակի հեղինակություն: Շատ կարեւոր է, որ նման համագործակցությունը ներգրավում է Ռուսաստանի ավելի շատ տարածաշրջաններ՝ արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան հատվածից մինչեւ Սիբիր եւ Հեռավոր Արեւելք:

Հեռանկարային նպատակը մենք տեսնում ենք կարեւոր նախագծերի ակտիվ առաջխաղացման մեջ, որն ուղղված կլինի մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա բարձրացման ապահովմանը, համաշխարհային շուկաներում դրանց մրցունակության ամրապնդմանը՝ զարգացման նորարարական ուղուն եւ առաջատար տեխնոլոգիաների ներդրմանն անցնելու միջոցով:

Հուսով եմ՝ համաժողովի ընթացքում ձեզ սպասվում է կարծիքների արդյունավետ փոխանակում, որն ունակ է խթանելու պահանջարկ ունեցող նոր գաղափարների մշակումը, որոնք միասին կկարողանանք իրականացնել՝ ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների ստեղծագործ ներուժի աճի: Իսկ մշակված հանձնարարականները կնպաստեն գործարար կապերի, մշակութային եւ միջատարածաշրջանային փոխանակումների զարգացմանը, հասարակական, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ընդլայնմանը:

Համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք եւ նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ