Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Անդրադառնալով մարտի 26-28-ը իր գլխավորած պատվիրակության` Լեհաստանի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եղել են առավելապես արդյունավետ և մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-լեհական կապերի խորացմանը:
Արթուր Բաղդասարյանը մանրամասնեց, որ Լեհաստանում իր հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Որպես թիրախային ուղղություն կարևորվել է ռազմական արդյունաբերության զարգացումը, որի առաջին քայլերից էր Վարշավայում «Լյուբավա» ընկերության և ՀՀ Պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջև ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Լեհաստանի անվտանգության խորհուրդների միջև երկու տարի առաջ մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս և ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ երկու երկրների ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջև:
Վարշավայում ձեռք են բերվել մի շարք այլ կոնկրետ պայմանավորվածություններ, մասնավորապես Հայաստանում կձևավորվի հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատ:
Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների խորացումը` զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների միջև անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա և որի օգտագործումը բխում է թե’ Հայաստանի, թե’ Լեհաստանի շահերից:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ տեմպերով զարգանում է: