Հայաստանը ապրում է ճակատագրական ժամանակներ
Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը Ազգային Ժողովում
Քանի որ նստաշրջանի վերջին քառօրյան է եւ նրանում այս ամբիոնից վերջին անգամ հայատարարություն անելու հնարավորությունը, ցանկանում եմ հանդես գալ ստեղծված իրավիճակի ամփոփ գնահատականներով:
Հայաստանը ապրում է ճակատագրական ժամանակներ: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ դրա հետեւանքով ձեւավորված իրողությունները ակնհայտ են դարձնում մեր երկրի արմատական եւ արագ արդիականացման հրամայականը: Գլխավոր խնդիրն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանունակության ապահովումը:
Անհրաժեշտ է պետական եւ մասնավոր բոլոր ռեսուրսների լարում՝ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ սպառազինություններով բանակը ապահովելու, մասնավորապես, տեղնոլոգիապես ժամանակակից զինատեսակներով համալրելու եւ Ադրբեջանի համեմատությամբ տեխնոլոգիական տեսակետից առաջացած ճեղքվածքը փակելու ուղղությամբ:
Անվտանգությունը, սակայն, ոչ միայն արդիական զենքն է, պաշտպանական ամուր համակարգերը և մարտունակ զինվորը, այլև և առաջին հերթին՝ զարգացող տնտեսությունը և համերաշխ, ազգային շահերի շուրջ համախմբված հասարակությունը:
Հայաստանը պետք է արմատապես վերափոխի գործող տնտեսական համակարգը: Այս առումով առաջնահերթ քայլերն են՝ մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, ազատ և արդար մրցակցության երաշխավորումը, փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանումը:
Հայաստանը պետք է հիմնովին փոխի գործող ընտրական համակարգը՝ երաշխավորելով ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լեգիտիմ իշխանությունների ձևավորումը: Վերջապես պետք է համաձայնություն կայացվի ընդդիմության, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ օրինական ընտությունների ապահովման մեխանիզմների շուրջ:
Պետք է սկսվի արդարադատության համակարգի վերափոխումը, որի արդյունքում կերաշխավորի դատարանների անկախությունը:Հայաստանում այլևս երբեք և ոչ ոք չպետք է դատապարտվի կամ հալածվի իր քաղաքական հայացքների համար: Բանտերում գտնվող քաղբանտարկյալներն պետք է անմիջապես ազատ արձակվեն:
Հայաստանի արդիականացման ծրագիրը պետք է իրականացվի համագործակցության եւ դեպի ժողովրդավարություն փոխհամաձայնեցված անցման սկզբունքների վրա, ինչը թույլ կտա վերականգնել քաղաքացիների վստահությունը պետության, պետական ինստիտուտների և հուսալի ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ եւ դադարեցնել կործանարար արտագաղթը:
Այս քայլերը կպահանջեն լուրջ զիջումներ այօրվա իշխանությունների կողմից, բայց այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաղթանակած դուրս գանք առկա մարտահրավերներից: