«Դա աբսուրդ է»
ԱԺ-ում շարունակում է քննարկվել 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով հարակից զեկուցող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ասաց. «Անցյալ տարի ներդրումային հոսքերը կազմել են 60 միլիարդ դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ներդրումները շուրջ 35 անգամ նվազել են, ներդրումները աննախադեպ աճով գնում են դեպի նվազում»:
Արամ Մանուկյանը շեշտեց՝ 2013 թվականին աշխատողների վարձատրությունը կազմել է 1 միլիարդ 51 միլիոն դոլոր, 2014 թվականին իջել է 975 միլոն դոլար, իսկ 2015 թվականին աշխատավարձի ամբողջ քանակը կազմել է 661 միլիոն դոլար:
«Ստացվում է` 2 տարվա ընթացում ՀՀ աշխատավարձի ընդհանուր չափը երկու անգամ նվազել է»,-ընդգծեց Արամ Մանուկյանը:
Արթուր Ջավադյանին կասկածելի թվացին Արամ Մանուկյանի ներկայացրած տվյալները:
«Այդ վերջին թիվը վերջերս մի կասկածելի կազմակերպության կողմից հրապարակված թվեր էին: Այդ կազմակերպությունը վերջերս էլի կասկածելի թվեր էր հրապարակել, սակայն մի բաժակ սուրճի օրինակով բացատրել էր, թե ինչ նկատի ունի:
Նա չէր հասկացել, որ եթե մի բաժակ սուրճը գնահատվում է 100 ԱՄՆ դոլար, ապա ավելացված արժեքի հարկը պետք է հարկվի 20 դոլար և այլ տուրքերով պետք է լինի 10 տոկոս հարկ և այլն:
Սրանք ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չունեցող ուսումնասիրություններ են, քանի որ վերցնում են մի քանի թիվ, մի քանի գործոն, մի քանի երկրի օրինակ, դրա համար խնդրում եմ, որ նման բաների ուշադրություն չդարձնեք: Դա աբսուրդ է», – պատասխանեց Ջավադյանը: