Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ և մաղթելով հաջողություններ պատասխանատու պաշտոնում` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը: Հատկանշելով, որ արդեն իսկ համաձայնեցված է Երևանի և Աստանայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն վավերացնելուց հետո երկու մայրաքաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կծավալվի հստակ ուղղություններով գործակցություն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Ղազախստանի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն: Առանձնակի կարևորելով Երևանի և Աստանայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ դեսպանն իր հերթին նկատել է, որ այն հրաշալի հնարավորություն է` փոխգործակցությունն ավելի գործնական դաշտ տեղափոխելու համար:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում: