Վարչապետը ընդունել է Չինաստանի առաջին փոխվարչապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան և նշել, որ այն վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի ոչ միայն բարեկամ, այլ նաև կարևոր քաղաքական գործընկերներից մեկը և շեշտել, որ վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ զգալիորեն ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի:
«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են և հաղթել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում: Հովիկ Աբրահամյանն իր բարեմաղթանքներն ու ողջույններն է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին:
Ճան Գաոլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատմական ու մշակութային մեծ արժեքներ կրող Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումն իր երկրի համար ունի կարևոր նշանակություն և ավելացրել, որ երկկողմ փոխգործակցությունը մշտապես զարգանում է անկեղծության ու փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Նա վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները: Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենևին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար: Ճան Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում և ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Չինաստանի փոխվարչապետը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի և Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-չինական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին: Հովիկ Աբրահամյանը և Ճան Գաոլին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: